Aravot.am-ը գրում է․
«Կարճ մեկնաբանեմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինքն իր մասին՝ ժամանակին իր ղեկավարած լրատվամիջոցի մասին: Բայց եթե առաջ չեր պատմել, ուրիշ կերպ էր խոսել, հիմա խոսեց դրա մասին՝ ինքն իր լրատվամիջոցի եւ աշխատաոճի մասին»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերում կատարած բնորոշմանը, թե լրատվական դաշտն այժմ կատաղած է, քանի որ նախկինում 99%-ն իշխանությունից փող էր ստանում, ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
«Ցավալի է, բայց այդպես է: Իհարկե, այդ ելույթում բացթողումներ կային: Նրա հույսն այն էր, որ դիմացինը՝ իր կոլեգաները, այնքան բարոյական կգտնվեն, որ չեն հիշեցնի, թե ինչը ինչպես է եղել եւ երբ՝ թեկուզ թերթելով արխիվային նյութերը: Օրինակ՝ իր մեքենայի պայթեցման պատմությունը, որն ինքը հիշատակեց: Մենք՝ իր սերնդակիցները, դեռ կենդանի ենք եւ շատ բան ենք հիշում: Իսկ իր հույսն այն էր, որ դիմացինները բարոյական կլինեն ու չեն հիշեցնի»,-հավելեց տիկին Սեյրանյանը: