Առաջին հաստատությունը, որ ընդունեց կորոնավիրուսով հիվանդներին, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն էր:
Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանին տանը սպասում են արդեն մոտ մեկ ամիս: Ընտանիքը գիտի, որ նա երկար բացակայում է միայն հատուկ օրերին, որովհետև, ինչպես շատերն են ասում, նա հատուկ նշանակության բժիշկ է։ Արտակարգ իրավիճակներում աշխատելը նրա համար վաղուց է դարձել կենսակերպ՝ դեռ այն ժամանակներից, երբ սպիտակ խալաթի փոխարեն զինվորական համազգեստ էր կրում: Մոտ 20 տարի նա կյանք էր տալիս առաջնագծի զինվորներին: Ձեռքի տակով անցած գրեթե բոլոր զինծառայողներն անպայման վերադառնում էին դիրքեր առողջ ու ավելի համարձակ:
Գայանե Հովհաննիսյանը շատ շնորհակալագրեր ու շքանշաններ ունի, բայց համակարգից հեռացավ՝ ամենամեծ գնահատականը համարելով հարյուրավոր մայրերի օրհնությունը: Հիմա ինքն է առաջնագծում, մի խումբ նվիրյալների հետ: Արդեն սպիտակ խալաթով է, ավելի ճիշտ՝ արտահագուստով: Մեկ ամիս առաջ առաջարկ ստացավ՝ կազմավորելու և ղեկավարելու երկրի ամենածանր բաժանմունքը: Կորոնավիրուսով առաջին ծանր հիվանդներին տանում էին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
«Երբ ինձ հրավիրեցին այստեղ՝ ղեկավարելու վերակենդանացման ծառայությունը, միայն 5 կամավոր բժիշկ կար: Հետո մեր շարքերը համալրվեցին, լծվեցինք աշխատանքի, դրվեցին բաժանմունքի հիմքերը: Հաշված օրերի ընթացքում բաժանմունքը պատրաստ էր՝ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու բժշկական պարագաներով: Առաջին 10 օրը, կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ, առաջնային դերում էին մեր հիվանդները: Այդ դժվարությունը հիմա անցյալում է»,- 1lurer.am-ի հետ զրույցում պատմում է Հովհաննիսյանը:
Հանրապետությունում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը գրանցվեց Նորքի ինֆեկցիոնում: Մահացավ ուղեկցող ծանր հիվանդություններով հիվանդը: Սա ցավալի էր, բայց բժիշկները ոչ մի րոպե ու վայրկյան չընկճվեցին: Թույլ սեռի ամենաուժեղ կինը լավ գիտի դրա գաղտնիքը, բայց խոսել այդ մասին չի սիրում:
«Ունենք նաև առողջացման շատուշատ պատմություններ: Այս հիվանդությունը դատավճիռ չէ: Օրինակ՝ ոչ ոք չէր հավատում, որ անոթային խնդիրներով, շաքարային դիաբետով, սրտում 7 ստենդ ունեցող և թոքաբորբով հիվանդը կարող է հաղթահարել կորոնավիրուսը: Թոքաբորբը բուժելուց հետո նրան ուղարկեցինք բազմապրոֆիլ հիվանդանոց և երեկ իմացանք, որ նա արդեն տանն է: Մի՞թե սա հաղթանակ չէ»,- ասում է բժշկուհին:
Տունն ու ընտանիքին բոլորն են այստեղ կարոտել: Ով հերթապահ չէ, այդ օրը գիշերում է հյուրանոցում: Բոլոր բժիշկները զգում են հոգատարություն, ստանում են շնորհակալական խոսքեր, ծաղիկներ, ուտելիք՝ սիրո ջերմ խոստովանություններով:
Գայանե Հովհաննիսյանն իր կյանքում շատ փորձություններ է հաղթահարել: Հաղթանակի գինը նա լավ գիտի: Վստահ է՝ սա էլ կանցնի, պարզապես պետք է սթափ լինել ու հետևել բոլոր խորհուրդներին: Եվս մեկ անգամ խնդրեց՝ ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ, ՈՐ ՄԵՆՔ ՏՈՒՆ ԳՆԱՆՔ: