Iravunk.com-ը գրում է.
Երևանի ավագանու Բարև Երևան խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանըայսօր հայտնեց, որ իրենք չափազանց ինտենսիվ գործունեություն են ծավալել այս ընթացքում: Բայց ցանկանում է հիշեցնել հասարակությանը, որ ավագանու գործունեությունը հասարակական հիմունքներով է.« Շատ տարօրինակ օրենքի կետ է, որովհետև սա չափազանց ժամանակատար և աշխատատար գործունեություն է, բայց ստիպված ենք մեր մյուս գործունեության հետ միասին անել սա: Այստեղ հաստատ դիտավորություն կա, դրա մասին մենք մի անգամ ասել ենք , բայց հիմա չեմ ուզում դրա վրա սևեռվել»:
Պատասխանելով հարցին, արդյոք Բարև Երևան դաշինքի անդամները աշխատավարձի հույս ունեին, որ հիմա իրենց դժգոհությունն է առաջացնում ավագանու հասարակական հիմունքով աշխատելու փաստը, տիկին Բախշյանը պատասխանեց.
« Հասարակական կարգով աշխտանքը ենթադրում է, որ պիտի մի հատ գնաս քո գործին, զուգահեռ՝ ձեռքի հետ ոտքի վրա ինչ-որ բան անես, այդպես չի լինում, սա մի աշխատանք է, որ անընդհատ պահանջում է, որ դու քաղաքապետարնում կամ Երևան քաղաքի տարբեր ծայրամասերում լինես, որովհետև անընդհատ զանգում են, որ այսինչ տեղը այսինչ բանն է: Ես չեմ բողոքում, ես արձանգրում եմ, որ օրենքի այս կետը պետք է վերանայվի»:
Նա ասաց, որ Բարև Երևանը 43 նամակ է ուղղել քաղաքապետին, իսկ երեկ իրենք լուր են տարածել, որում ասվում է, որ քաղաքապետի փոխարեն նամակներին պատասխանում է կազմակերպական բաժնի աշխատակցուհին և դրվում է այդ բաժնի ղեկավարի ստորագրությունը. «Մենք հաճախ չենք հասկանում, թե ով է գրել այդ նամակը և ով է այդ ինֆորմացիան տվել»,- ասաց տիկին Բախշյանը: Նա հայտնեց, որ իրենք այդ հարցի լուծման համար դիմել են քաղաքապետին և ակնկալում են լուծում.
« Ինքը ունի 4 տեղակալ, 8 խորհրդական, 5 օգնական, ովքեր ինչ-որ ոլորտների համար պատասխանատու են: Հետևաբար մենք պահանջում ենք, որպեսզի այդ ոլորտները ղեկավարող պատասխանատու պաշտոնյան գրի կատարող և ստորագրի քաղաքապետը, որպեսզի մեր համագործակցությունը ստացվի»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Մարինե Բարսեղյան