Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրեթե վստահ է, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրինագիծն ընդունվելու է միաձայն:

«Սա այն հիմնական ճանապարհն է, որպեսզի վերականգնենք սոցիալական արդարությունն ու հանրային համերաշխությունը: Եվ հանցավոր ճանապարհով կուտակած հարստությունը վերադարձնենք պետությանն ու հանրությանը»,-ասաց Աբրահամյանը:

Նա հիշեցրեց, որ այս նախաձեռնությունը հեղափոխության հիմնարար փոփոխություններից էր և հանրության ակնկալիքներից մեկի՝ թալանածը վերադարձնելու, անխոցելի մեխանիզմն է:

«Սա մեր պետության պարտավորությունն է եղել 2015թ-ից սկսած, և Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցներ պարբերաբար հորդորում էին սա իրականացնել, բայց, իհարկե, հասկանալի է, որ սա նախկինները չէին անելու և բոլորովին պատահական չէ, որ նախկինները դեռևս այս նախագծի սաղմնային փուլում արդեն քննադատությունների հսկայական ալիք էին սկսել՝ շատ լավ հասկանալով, որ քաղաքացիաիրավական ընթացակարգերով շատ ավելի արդյունավետ հնարավորություն է ստեղծվելու թալանածը պետությանն ու հանրությանը վերադարձնելու համար»,-ասաց Աբրահամյանը:

Պատգամավորը միաժամանակ հետընթաց որակեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմի բարձրացումը։ Նշենք, որ օրինագծի առաջին ընթերցման քննարկման ժամանակ առաջարկվել էր 25 մլն դրամը, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ արդեն 25 մլն դրամից բարձրացվել է և դարձել 50 մլն դրամ։

«Սա շատ-շատերին հնարավորություն է տալու սպրդել այս օրենքի ազդեցության գոտուց, կարծում եմ սա իրավակիրառ պրակտիկայում որոշակի խնդիրների է հանգեցնելու ու հետագայում գուցե վերանայենք այս որոշումը»,-ասաց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել