1in.am-ը գրում է.
Նախորդ տարիների համեմատ բուհերում աճել է թափուր տեղերի թիվը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գագիկ Մելիքյանը՝ խոսելով «Բուհերի ընդունելության միասնական և կենտրոնացված քննությունների ամփոփում» թեմայի շուրջ:
Բանախոսը տեղեկացրեց, որ ավարտել են 2013թ. բուհական ընդունելության քննությունները և անմիջապես խորհրդակցություններ սկսել 2014թ. քննությունների նախապատրաստական փուլի վերաբերյալ, որը կտևի մինչև 2014-ի մայիս ամիս:
Մելիքյանի խոսքով՝ այս ընթացքում նախատեսվում է վերանայել, լրամշակել շտեմարանները: Ըստ նրա՝ հունիսի 1-ից մինչև 21-ն անցկացվեցին բուն քննությունները՝ պետական ավարտական և միասնական քննությունները: Գագիկ Մելիքյանի խոսքով՝ դա երկու փուլով է ընթանում. առաջին փուլն իր մեջ ներառում է դիմորդների գրեթե ճնշող մեծամասնությունը՝ այս տարվա շրջանավարտները, իսկ երկրորդ փուլում կազմակերպում են քննություն փոքր թվով դիմորդների համար, որոնք, որպես կանոն, բանակից զորացրվածներն են, արտասահմանից Հայաստան ժամանած և սովորելու ցանկություն հայտնած ուսանողները և միջին մասնագիտական կրթություն ստացածներն ու առաջին փուլում հիվանդության պատճառով քննություններից բացակայածները, որոնց թիվն այս տարի կազմում էր 600:
«Ընդհանուր առմամբ այս տարի մենք ունեցանք մոտ 15 հազար դիմորդ: Քննությունները երկու տիպի են. ընդհանուր միասնական քննություններ, բայց կան բուհեր, որոնք ունեն յուրահատկություններ: Դրանք կոչվում են ներբուհական քննություններ, մասնավորապես՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտը, Գեղարվեստի ակադեմիան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը, ՀՀ Կոնսերվատորիան և այլն, որտեղ մասնագիտական քննություններ են հանձնում: Նրանց ամբողջ մրցույթն իրականացնում են կոնկրետ բուհեր, մոտավորապես 13 հազար դիմորդներ, որոնց 10%-ը՝ 1300-ը, ընդունվեցին տարբեր բուհեր անվճար հիմունքներով: Անվճար տեղերի հստակ բացարձակ թիվն այս պահի դրությամբ կազմում է 1302 դիմորդ, տարբեր արտոնություններով ևս 97 անվճար դիմորդ ունեցանք: Վճարովի են ընդունվել 9095 դիմորդ՝ տարբեր բուհերից, չընդունվածների թիվը մոտ 2300 է, որոնք մրցույթից են դուրս մնացել, կտրվել են և այլն, և այլն:
Ըստ բուհերի՝ պատկեր հետևյալն է. ամենաշատ դիմորդ ունեցել ենք ԵՊՀ-ում՝ 4050 դիմորդ, որից ընդունվել են 3038-ը, այնուհետև՝ Երևանի Տնտեսագիտական համալսարանում՝ 1882 դիմորդ, Մանկավարժական համալսարանում՝ 1171, ԵՊՃՀ-ում՝ 1152 դիմորդ, որից ընդունվել են 982-ը, ԵՊԲՀ-ում դիմորդների թիվը եղել է 1092, ընդունվել է 888 դիմորդ և այսպես շարունակ:
Այս տարի թափուր տեղերի թիվն աճել է: Թափուր տեղեր չեն մնացել միայն Տնտեսագիտական համալսարանում և Բժշկական համալսարանում»,- պարզաբանեց բանախոսը:
Նա հավելեց, որ ԵՊՀ-ում կա 310 թափուր տեղ, բնագիտական առարկաների գծով բավականաչափ շատ թափուր տեղեր կան, հումանիտար ոլորտում թափուր տեղեր չկան: Գյուղակադեմիայի մասով, բացի տնտեսական բլոկից, մնացած բոլոր ֆակուլտետներում թափուր տեղեր կան, իսկ Ագրարային համալսարանում կա 886 թափուր տեղ: Նրա փոխանցմամբ՝ ամենաբարձր մրցույթն այս տարի եղել է Տնտեսագիտական համալսարանում, Բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում: