Վերջին մի քանի օրերին թուրքական քարոզչամեքենան ադրբեջանականի «նվագակցությամբ» ակնհայտ քարոզչական բնույթի ապատեղեկատվություն է տարածում առ այն, թե, #կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, #Թուրքիային բազմաթիվ երկրներ են դիմել տարաբնույթ օգնության խնդրանքով, այդ թվում՝ բժշկական պարագաների, որոնց Անկարան չի մերժել։ Այդ երկրների շարքում ընդգծվում է հատկապես Հայաստանի, Իսրայելի մասին, որոնց հետ փոխհարաբերությունները խնդրահարույց են։
Ուշագրավն այն է, որ նշված թեման խեղաթյուրվել է անգամ Թուրքիայի նախագահության մամլո խոսնակ Իբրահիմ Քալընի շուրթերով։
Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ և՛ Հայաստանը, և՛ Իսրայելը դիմել են թուրքական իշխանություններին Թուրքիայում գտնվող սեփական քաղաքացիների հայրենիք վերադարձն ապահովելու խնդրանքով։ Արդյունքում, Անկարայի հետ համագործակցությամբ Երևան են վերադարձել ավելի քան 7 տասնյակ ՀՀ քաղաքացիներ, իսկ Թել Ավիվ՝ շուրջ 100 իսրայելցիներ։ Բացի այդ, իսրայելական տարաբնույթ շրջանակների կողմից ԹՀ իշխանությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն 3 ինքնաթիռ բժշկական պարագաներ Իսրայել, նաև Պաղեստինյան ինքնավարություն տեղափոխելու շուրջ, մինչդեռ թուրքական կողմն առժամանակ հետաձգել է բեռնափոխադրումները պաղեստինցիներին ցուցաբերվելիք աջակցության հարցում իսրայելական կողմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մինչդեռ զավեշտալին այն է, որ Թել Ավիվի հետ նաև բժշկական պարագաների շուրջ հնարավոր համագործակցության թեման վերագրվում է նաև Երևանի հետ պայմանավորվածություններին, որը, հարկ է շեշտել, եղել է բացառապես ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման հարցում։
Վերոհիշյալի համատեքստում հերթական անգամ ականատես ենք լինում նույնիսկ նման համաշխարհային մարտահրավերի պարագայում հումանիտար խնդիրների հետ կապված թուրքական էժանագին և սին քարոզչության։ Այն, հնարավոր է, մեծամասամբ ներքին լսարանին ուղղված խնդիր է լուծում, քանի որ Թուրքիայի իշխանություններն ակնհայտորեն ձախողում են համավարակի դեմ պայքարը։
Եվ հիշեցման կարգով․ ընդամենը 1 ամիս առաջ Անկարան մեկ այլ հումանիտար խնդիր՝ սիրիացի փախստականների հարցը շահարկում էր ԵՄ-ի հետ հարաբերություններում։