ԱՄՆ Օհայո նահանգի համալսարանից Սանջա Իլիչը հայտնել է, թե կորոնավիրուսի համավարակի պայմաններում ինչպես ճիշտ կատարել գնումները եւ սննդի պատրաստումը: Նա նաեւ ցրել է սննդի միջոցով ինֆեկցիայի փոխանցման հնարավորության մասին առասպելը:
ԱՄՆ վերահսկող մարմինները չեն հայտնել սննդամթերքի կամ անգամ սննդամթերքի փաթեթների միջոցով վարակման դեպքերի մասին, հայտնում է MedicalXpress-ը:
«Կորոնավիրուսը աղեստամոքսային հիվանդություն չէ, COVID-19-ի հարուցիչը սնունդի մեջ չի բազմանում»,- նշել է մասնագետը:
Նրա խոսքով՝ վիրուսները մակերեւույթների վրա չեն բազմանում. դրանք ապրող օրգանիզմի կարիք ունեն: Սակայն արժե նշել, որ վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսները, թեկուզ եւ չեն բազմանում, կարող են տարբեր մակերեւույթների վրա կենսունակ մնալ մի քանի ժամ եւ անգամ օրեր:
Սանջա Իլիչը խորհուրդ է տալիս մթերքներ գնելիս պահպանել սոցիալական հեռավորության կանոնները՝ մյուս մարդկանցից պահպանել 2-2,5 մետր հեռավորություն: Տուն վերադառնալով՝ անհրաժեշտ է ձեռքերը լվանալ, մթերքները հնարավորինս սառեցնել, բանջարեղենն ու մրգերը լվանալ հոսող ջրով: Նա հավելել է, որ ցանկալի է սնունդը տաքացնել Ցելսիուսի 75 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանում:
Սանջա Իլիչը նաեւ նշել է, որ խանութներից առաքվող պատրաստի սնունդ պատվիրելիս մտավախություններն ավելորդ են. այսօրվա դրությամբ խանութներից կամ ռեստորաններից առաքման ծառայությունների միջոցով կորոնավիրուսի փոխանցման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ չկան: