Այսօր նշանակալի օր է, որովհետև երկու բախտորոշ իրադարձություններ են տեղ գտել, որոնք ինչ-որ առումով փոխկապակցված են։
Առաջին նման իրադարձությունն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոստովանությունն էր այն մասին, որ վարակը դուրս է եկել վերահսկողությունից և արդեն անհնար է թրեք անել օջախներն ու վարակակիրների շփման շրջանակները։
Երկրորդ իրադարձությունը տեղի է ունեցել շուրջ 1987 տարի առաջ. Քրիստոսը խաչվեց, խաչի վրա նա հայտնվել էր միանգամայն դեմոկրատական ընթացակարգով և ժողովրդի պահանջով։ Հիշեցնեմ, որ հռոմեական պաշտոնյա Պիղատոսը մի քանի անգամ փորձել էր համոզել ժողովրդին, որ Քրիստոսին պետք չէ մահապատժի ենթարկել, իսկ վերջում առաջարկել էր ընտրել, թե ում խաչ բարձրացնեն՝ Քրիստոսի՞ն, թե՞ ավազակ Բարնաբային։ Ժողովուրդն էլ միահամուռ ընտրել էր Քրիստոսի տարբերակը։
Ոմանք հիմա կկշտամբեն ինձ, թե ինչպե՞ս են փոխկապակցված այս իրադարձությունները։ Խնդրում եմ՝ զինվեք համբերությամբ, որովհետև չի կարելի այս թեզիսը ձևակերպել խիստ լակոնիկ։
Եվ այսպես, եկեք ֆիքսենք մի պարզ իրողություն. երկրում տիրող ցանկացած իրավիճակի համար պատասխանատվություն է կրում օրվա իշխանությունը։ Կորոնավիրուսի ստեղծած այս վիճակի ոչ միայն պատասխանատուն, այլև մեղավորն է օրվա իշխանությունը։ Երբ Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ համաճարակը դուրս է եկել վերահսկողությունից, դա ինքնախոստովանություն է, ու Արսեն Թորոսյանը մեղավոր է թե՛ անձնապես, թե՛ թիմային։
Մեղավոր է ու մեղավոր են, որովհետև բաց թողեցին այն ժամանակամիջոցը, երբ թեկուզ բռնի մեկուսացման ու կտրուկ միջոցների կիրառությունը կարող էր տալ շատ ավելի շոշափլի արդյունքներ։ Ընդ որում, երբ նրան ու նրանց ասվում էր, որ, օրինակ, պետք է մեկուսացնել ՀՀ ժամանող բոլոր մարդկանց, նրանք հակաճառում էին, ծաղրում էին, պիտակավորում էին, իսկ հետո՝ օրեր անց, երբ արդեն ուշ էր, այնուամենայնիվ, անում էին այն, ինչ պետք էր անել օրեր առաջ։
Դե, էլ չխոսեմ նույն Արսեն Թորոսյանի դարակազմիկ մտքերի մասին, համաձայն որոնց՝ կորոնավիրուսը մի եսիմ ինչ վարակ չէ, որ հատուկ միջոցառումների կարիք լինի, որ ինքը իր երեխաներին դպրոց է ուղարկելու, որ դիմակներն ու ձեռնոցները չեն օգնում և այլն։
Վարակի ներթափանցումը գուցե անհնար էր բացառել, բայց ես վստահ եմ, որ կարելի էր անել այնպես, որ այսօր մենք շուրջ 1000 վարակված ու տներով նստած 3 միլիոն մարդ չունենայինք։ Դրա համար պետք էր մտցնել արտակարգ դրություն ու խիստ հետևել դրա պահպանմանը։
Իսկ ի՞նչ էին անում իշխանությունները։ Հեչ, հանրահավաքներ ու հոխորտանքների տարափի գեներացում, իսկ երբ վիրուսը սկսեց տարածվել, սկսեցին պատասխանատվությունը բարդել բոլորի վրա, բացի իրենցից՝ էջմիածնեցի կին, արտադրամաս, անգիտակից քաղաքացիներ, ընդդիմություն... Ու դա այն դեպքում, որ պարզապես պետք էր այդ կնոջ պարագայում էլ, իրանից ժամանածների պարագայում էլ, Լֆիկի արտադրամասի էկած իտալացու պարագայում էլ պետությունը սահմաներ կարանտին՝ անկախ նրանից, թե ինչ էին մտածում այդ առնչությամբ մեկուսացվողները, և անկախ նրանից, թե ինչ էր ցույց տվել ջերմաչափումը։
Ի՞նչ են հիմա անում իշխանությունները։ Հեչ, էլի զբաղված են կապիկությամբ և պատասխանատվությունն իրենց վրայից ցրելով։ Բացատրեք, թե ինչո՞ւ էդ անտեր վիրուսը չպետք է տարածվի, եթե դուրսը պոռնոգրաֆիա է տիրում՝ մարդիկ զբոսնում են, փողոցային առևտուրը եռում է, ակտիվ սոցիալական կոնտակտները շարունակվում են, ու էս ամենի ֆոնին ունենք քաղաքապետ, որը Աստված գիտի, թե ինչով է զբաղված, քիչ է մնում՝ կառավարության նիստերի ОЗХ-ով գնա, իսկ, ըստ որոշ լուրերի, փաստաթղթերն իրեն փոխանցում են դռան տակից։
Առհասարակ, Մարությանն էլ մի կողմ։ Ո՞ւր է Երևանի ավագանին։ Էն ավագանին, որ 81 տոկոս էր ստացել։ Ինչո՞ւ, օրինակ, Երևանի անունը լսելիս առերևույթ օրգազմ ստացող Արթուր Իսպիրյանը չի շրջում Երևանի փողոցներում ու համոզում քաղաքացիներին դուրս չգալ, փողոցային առևտրով չզբաղվել։ Ինչո՞ւ ոստիկանությունն ավելի խիստ ու հետևողական չի վերահսկում արտակարգ դրության ռեժիմի պահպանությունը։ Ինչո՞ւ Իսպիրյանի, Մարությանի և ոստիկանության վերադասներն ու գլխավոր վերադասը չեն անում այն, ինչ պետք է անեն, այլ զբաղված են ստերի հերթական չափաբաժիններ արտադրելով ու խնդիրները ծածկադմփոց անելով։
Այս հանցվոր անփութության արդյունքում արդեն 12 մարդ է մահացել։ Համենայն դեպս, պաշտոնապես այդքան է ասվում։ Ցավոք, էլի են մահանալու։ Հարյուրավոր մարդիկ են վարակվելու։ Հազարավոր, հարյուրհազարավոր մարդիկ էս իրավիճակի տնտեսական բացասական հետևանքներն են իրենց մաշկի վրա զգալու, իսկ սրանք հիմիկվանից դիրքավորվում են «мы воевали как могли» տարբերակում։
Չէ՛, տղերք ու աղջկերք, դուք չեք կարողանալու պլստալ։ Շատերդ մտածում եք, որ լավագույն դեպքում համաճարակից հետո կընկալվեք որպես ճգնաժամը հաղթահարած հերոսներ, իսկ վատագույն դեպքում՝ ճամբարներդ կփոխեք ու կսկսեք մատներով ցույց տալ Նիկոլին ու իր մերձավոր շրջանակին, թե բա՝ սաղ իրենք են մեղավոր, մենք ի՞նչ։ Տղանե՛ր ու աղջիկնե՛ր, դուք այդքան հեշտ չեք պրծնելու և պատասխան եք տալու դատարանի առջև։ Պատասխան եք տալու ամեն ինչի համար՝ ձեր անգործության ու թերացումների արդյունքում վարակվածների, մահացածների, սնանկացածների, դժբախտացածների, պրեմիաների, ստախոսության ու երեսպաշտության համար։ Պատասխան եք տալու բոլորդ՝ ամենամանր Իսպիրյանից սկսած, ամենախոշոր Նիկոլով վերջացրած։ Սա ես ձեզ երաշխավորում եմ։
Եկանք հասանք Քրիստոսի խաչելությանը և դրա փոխկապակցվածությանը։ Սիրելի՛ հայրենակիցներ, քույրե՛ր և եղբայրնե՛ր, դուք էլ չմոռանաք, որ ձեր գերակշիռ մեծամասնությունն էլ է կիսում պատասխանատվություն այս ամենի համար, որովհետև ինչպես հրեաները 1987 տարի առաջ ընտրեցին Բարնաբային ու խաչեցին Քրիստոսին, այնպես էլ դուք ընտրեցիք ձեր Բարնաբային՝ Նիկոլին, ու խաչեցիք Քրիստոսին՝ Հայաստանը։ Արեցիք դա գրեթե միահամուռ ու ձեր կամքով։ Հա՛, ձեզանից յուրաքանչյուրն՝ առանձին վերցրած, գուցե կոնկրետ վնաս չի պատճառել, պետական որոշումների կայացման վրա ազդեցություն չի ունեցել կամ էլ ունեցել է մինիմալ ազդեցություն, բայց հրեաներն էլ ազգովի Քրիստոսի ձեռքերն ու ոտքերը չէին մխում, գեղարդով խոցողն էլ հռոմեացի Լոնգինն էր, բայց պատասխանատուն Բարնաբա ընտրողներն էին։
Այսքանով հանդերձ՝ մենք քույրեր ու եղբայրներ ենք, մենք մի ժողովուրդ ենք, ու եթե Նիկոլի շայկային կարելի է դատել մինչև վերջին մարդը, ապա ազգի 70-80-90 տոկոսին չի կարելի։ Փոխարենը պետք է անել հետևություններ, պետք է ապաշխարել սեփական խղճի ու բանականության առջև և օրնիբուն պատասխանատվության կոչել պետությունը՝ ձեր իսկ ծափողջույնների ներքո զավթած ժուլիկախմբի բոլոր անդամներին առանձին-առանձին և խմբով։
Մի բան էլ. հիշե՛ք, որ ձայն բազմոց՝ ձայն սխալ։
Հ.Գ. ԼՏՊ-ն էլ կարող է գնալ գրողի ծոցը՝ էս գրառումը և դրանում առկա տրամաբանությունը պետական դավաճանություն որակելով։