Tert.am-ը գրում է.

Հայաստանն այսօր չունի քաղաքացիական ավիացիա, եղած ավիաընկերությունների թիվը շատ քիչ է, այն էլ դրանց արդեն Եվրոպայում չեն ճանաչում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Աթբաշյանը:

«1992-ին մեր քաղավիացիան ապահովում էր պետբյուջեի մինչև 25 տոկոսը: Հետո ծավալները նվազեցին, մեր օդաչուներն արտագաղթեցին այլ երկրներ, և մենք մնացինք առանց ավիացիայի: Բացի այդ, առայսօր չենք ընդունել Օդային օրենսգիրք, այսինքն՝ ավիացիայի համար օրենսդրական երաշխիքներ չկան: Ավելի քան 200 երկրներ ունեն նմանատիպ օրենսգրքեր, իսկ մենք միայն «Ավիացիայի մասին» օրենք ունենք, որը կիսատ-պռատ փաստաթուղթ է»,- ասել է փորձագետը:

Ըստ Աթբաշյանի՝ ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության՝ Հայաստանի մասին բացասական զեկույցի համար մեղավոր են և՛ քաղավիացիայի կոմիտեն, և՛ տեղական ավիափոխադրողները. «Ազգային ավիափոխադրող ունենալ միանշանակ ճիշտ մոտեցում է: Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը չի ընդունում դա՝ կարծելով, թե այն ամբողջապես պետք է ֆինանսավորվի պետբյուջեից, մինչդեռ իրականում հակառակն է՝ այն պետք է բյուջեն համալրի լրացուցիչ միջոցներով: Կարելի է զարգացնել գործող ընկերությունները, դրանց մեջ ազգային փոխադրողի պոտենցիալ կա»:

Փորձագետի կարծիքով՝ եթե քաղավիացիայի կոմիտեն հակաճգնաժամային քայլեր ձեռնարկի, կարող է առաջիկա ամիսներին ապացուցել եվրոպական վերստուգիչ մարմիններին, որ մեր փոխադրողները համապատասխանում են ավիացիոն անվտանգության չափանիշներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել