Քաղաքականության մեջ որևէ պաշտոնյայի կողմից իր ընտանիքի անդամների ներգրավվածության չափն ու դրսևորման ձևը չափազանց մեծ նշանակություն ունեն: Ամեն ինչ պետք է լինի կշռադատված, օրինաչափ, տեղին ու նպատակային անհրաժեշտ:
Ռացիոնալ բանականության տեսանկյունից բոլորիս էլ թվում է, որ խոսքը երևէ հանրօգուտ գործում ներգրավվածության մասին է, որի վերջնական արդյունքի սպառողը հանրությունն է կամ գոնե դրա որոշակի շերտերն ու խմբերը: Սա փորձով ապացուցված կանոն է, ու հաջողում են միայն նրանք, ովքեր հետևում են այս կանոնին:
Ասածս ի՞նչ է: Չափազանց ոչ հաճելի, բացարձակ անտեղի ու խիստ նեգատիվ են ընկալվում բոլոր այն փորձերը, երբ քաղաքական պարոնների ընտանիքի անդամները, իսկ այս դեպքում՝ կանայք, ֆեյսբուքյան քոմենթների ու ստատուսների մակարդակում սկսում են իրենց ամուսինների քաղաքական թիմի շահերը սպասարկել` համեմված ոչ կոմպետենտությամբ ու չանա-չանա քյալա տալու դիտավորությամբ:
Սերը, հոգատարությունը, սրտացավությունը ձեր անձնական ընտրությունն է, հարգում ենք դա, բայց թողեք այն ձեր ընտանիքիների դռներից ներս, հարստացրեք ձեր ամուսինների քաղաքական գործիքակազմը ձեր խորհուրդներով, բայց ոչ երբեք այլոց պատի տակ քոմենթներ ու վերամբարձ ձոներ շաղ տալով կամ ամոթանք ու խրատ տալով:
Ոչ մի պաշտոնի անձնագրում ձեր այդ ծառայության մասին չկա գրված, հետևաբար մի ավելի փչացրեք ձեր պարոնների առանց այն էլ ծանր դրությունը, տգեղ է, կասկածելի ու արդեն ոչ հետաքրքիր: