Գալիս է մրսածության ու հարբուխների ժամանակը, բայց հիվանդանալ բոլորովին չես ուզում:
Հայտնի բժիշկ Եվգենի Կոմարովսկին հիանալի հոդված է գրել այն մասին, թե ինչպես խուսափել վարակներից, և ներկայացրել է բուժման կանոնները, եթե արդեն հասցրել եք վարակվել:
Հիշեք ամենագլխավորը:
Ձեր գործողությունների մարտավարությունը կախված չէ այն բանից, թե ինչ անուն ունի վարակը, սեզոնային գրիպ է, խոզի, փղի, պանդեմիկ թե ընդհանրապես գրիպ չէ, բոլորովին նշանակություն չունի:
Կարևոր է միայն այն, որ այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, և, որ այն ախտահարում է շնչառական օրգանները:
Կանխարգելում
Եթե հնարավորություն կա պատվաստվելու, պատվաստվեք, բայց այն պայմանով, որ այդ նպատակով պետք չլինի նստել փռշտացող ամբոխի մեջ պոլիկլինիկայում: Եղած վակցինաները պաշտպանում են գրիպի` այդ տարի արդիական բոլոր տարբերակներից:
Ոչ մի դեղ ու ժողովրդական միջոց, որի կանխարգելիչ արդյունավետությունն ապացուցված է, գոյություն չունի: Այսինքն` ոչ մի սոխ ու սխտոր, օղի ու որևէ հաբ ի վիճակի չեն առհասարակ պաշտպանել որևէ ռեսպիրատոր վարակից և, մասնավորապես, գրիպից: Սրանք բոլորը բավարարում են գլխավոր մենթալ պահանջմունքը` պետք է ինչ-որ բան անել: Այս բոլոր, այսպես կոչված, դեղերի հիմնական օգուտը հոգեթերապիան է:
Վարակի աղբյուրը միայն ու միայն մարդն է: Որքան քիչ մարդ, այնքան հիվանդանալու քիչ հնարավորություն: Այնպես որ, մի կանգառ ոտքով քայլելը կամ ավելորդ անգամ սուպերմարկետ չմտնելը բավականին լավ գաղափար է:
Դիմակը օգտակար բան է, բայց սպեղանի չէ: Ցանկալի է այն տեսնել հիվանդի դեմքին, եթե շուրջն առողջ մարդիկ են: Վարակն այն չի արգելակի, բայց կկանգնեցնի վարակով հատկապես հարուստ թքի կաթիլները: Առողջ մարդուն այն պետք չէ:
Հիվանդի ձեռքերը վարակի ոչ պակաս աղբյուր են, քան քիթն ու բերանը: Հիվանդը դիպչում է իր դեմքին, վարակն ընկնում է ձեռքերի վրա, հիվանդը ձեռք է տալիս շուրջը եղած տառացիորեն ամեն ինչին, հետո դուք եք այդ ամեն ինչին ձեռք տալիս, ու բարև, գրիպ: Ձեռք մի տվեք ձեր դեմքին: Ձեռքերը հաճախ լվացեք, ձեզ հետ միշտ ունեցեք խոնավ ախտահանող հիգիենիկ անձեռոցիկներ:
Հետևեք օդի որակին: Վիրուսի մասնիկները ժամերով պահում են իրենց ակտիվությունը չոր, տաք ու անշարժ օդում, բայց գրեթե վայրկենաբար քայքայվում են սառը, խոնավ ու շարժուն օդի մեջ: Օդի օպտիմալ պարամետրերը փակ տարածությունում պետք է հետևյալը լինեն` ջերմաստիճանը` մոտ 20 ՞C խոնավությունը` 50-70%: Անպայման պետք է սենյակը միջանցիկ օդափոխել ու քայլել, որքան սիրտդ կուզի: Զբոսանքի ժամանակ վարակվել գործնականորեն հնարավոր չէ:
Վերին շնչուղիներում շարունակ լորձ է ձևավորվում: Այն ապահովում է տեղային իմունիտետի` լորձաթաղանթների գործունեությունը: Եթե լորձն ու լորձաթաղանթները չորանում են, տեղային իմունիտետի աշխատանքը խաթարվում է, վարակները համապատասխանաբար հեշտությամբ հաղթահարում են պաշտպանական արգելքը, և մարդը հիվանդանում է հավանականության բազմակի մեծ աստիճանով: Խոնավեցրեք լորձաթաղանթները: Կարելի է դեղատնից գնել պատրաստի աղաջրի լուծույթ կամ ինքնուրույն պատրաստել հետևյալ բաղադրությամբ` 1 ճաշի գդալ սովորական սեղանի աղ՝ 1 լիտր եռացրած ջրի հաշվարկով:
Բուժման կանոնները
Տաք հագնվել է պետք, բայց միևնույն ժամանակ՝ սենյակը պետք է սառը և խոնավ լինի: Հաճախ լվացեք հատակը, խոնավեցրեք օդը, օդափոխեք սենյակը:
Խստիվ կերպով արգելվում է հիվանդին ուտել ստիպելը: Եթե ուտել է ուզում, ինչ-որ թեթև, ածխաջրածնային մի բան տվեք, հեղուկ:
Խմեք հնարավորինս հաճախ: Հեղուկի ջերմաստիճանը պետք է հավասար լինի մարմնի ջերմաստիճանին: Բացի ջրից, հարմար կլինեն կոմպոտները, մորսերը, թեյը, չամիչի ու ծիրանաչրի թուրմերը:
Քիթը հաճախակի պետք է լվանալ աղաջրի լուծույթներով:
Բերձր ջերմության դեպքում ընդունեք միայն պարացետամոլ կամ իբուպրոֆեն: Կատեգորիկ կերպով չի կարելի ասպիրին խմել:
Վերին շնչուղիների` քթի, կոկորդի, շնչափողի ախտահարման դեպքում ոչ մի խորխաբեր միջոց հարկավոր չէ: Դրանք միայն կուժեղացնեն հազը: Ստորին շնչուղիների` բրոնխների ու թոքերի ախտահարման ժամանակ ինքնաբուժումը տեղ չպետք է ունենա:
Վիրուսային ինֆեկցիաները չեն բուժվում հակաբիոտիկներով: Դրանք ոչ թե նվազեցնում, այլ ավելացնում են բարդությունների ռիսկը:
Տեղային կիրառության ու կուլ տալու համար նախատեսված բոլոր հակավիրուսային պրեպարատները չապացուցված արդյունավետությամբ դեղամիջոցներ են:
Հոմեոպատիան անվտանգ բան է, հոգեթերապիայի նման, երբ պետք է ինչ-որ բան անել:
Ե՞րբ է պետք բժիշկ
Միշտ: Բայց դա ռեալ չէ, դրա համար էլ թվարկենք իրավիճակները, երբ բժիշկ պետք է պարտադիր կերպով:
- Հիվանդի վիճակի բարելավման բացակայությունը հիվանդության 4-րդ օրը:
- Մարմնի բարձր ջերմաստիճան հիվանդության 7-րդ օրը:
- Վատացում լավացումից հետո:
- Վիրուսային հիվանդությունների ժամանակ չափավոր նշանների դեպքում վիճակի արտահայտված ծանրություն:
- Մաշկի իզոլյացված կամ համակցությամբ գունատության, ծարավի, շնչարգելության, ինտենսիվ ցավի, թարախային արտադրության արտահայտություն:
- Հազի ուժեղացում, դրա արդյունավետության նվազեցում: Խորը շունչը հանգեցնում է հազի նոպայի:
- Մարմնի բարձր ջերաստիճանի դեպքում գործնականորեն չեն օգնում կամ շատ կարճ ժամանակով են օգնում պարացետամոլն ու իբուպրոֆենը:
Բժիշկ հրատապ ու պարտադիր է պետք հետևյալ դեպքերում`
- Գիտակցության կորուստ:
- Ցնցումներ:
- Շնչառական անբավարարության նշաններ` դժվարացած շնչառություն, շնչարգելություն, հևոց, օդի պակասի զգացողություն:
- Ինտենսիվ ցավ, ուր ասես:
- Նույնիսկ կոկորդի չափավոր ցավը հարբուխի բացակայության դեպքում, որովհետև կոկորդի ցավն ու չոր քիթը հաճախ անգինայի մասին են խոսում, որը պահանջում է հակաբիոտիկ ու բժիշկ:
- Նույնիսկ չափավոր գլխացավ` սրտխառնուքի համակցությամբ:
- Պարանոցի այտուց:
- Ցան, որը չի անցնում այն սեղմելիս:
- Մարմնի ջերմաստիճանը 39 ՞C, որը չի սկսում իջնել ջերմիջեցնող միջոցի օգտագործումից 30 րոպե անց:
- Մարմնի ջերմաստիճանի ցանկացած բարձրացում՝ ցնցումների ու մաշկի գունատության ուղեկցությամբ: