Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է է ներկայացրել ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության: Հայցվոր կողմը պահանջում է կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Արամ Օրբելյանը հստակեցրեց, որ Քրեակատարողական ծառայությունը որպես այդպիսին որևէ սխալ բան չի արել, պարզապես՝ կորոնավիրուսի պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, ինչի պատճառով գտնվում է ռիսկային խմբում, շարունակում է մնալ քրեակատարողական հիմնարկում:

«Իր գտնվելը ՔԿՀ-ում ինքնին անմարդկային վերաբերմունք պետք է գնահատվի՝ հաշվի առնելով նաև այն, որ ՔԿՀ-ներում կորոնավիրուսով վարակման դեպքեր արդեն հաստատվել են»,- նշեց Օրբելյանը:

Նրա խոսքով՝ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ Քրեակատարողական ծառայության կողմից Ռոբերտ Քոչարյանին ՔԿՀ-ում պահելը կարող է որակվել որպես խոշտանգում:

Օրբելյանը նշեց, որ խոսքը ոչ թե վնասի հատուցմանն է վերաբերում, այլ՝ վնասի կանխարգելմանը: Նրա խոսքով՝ Քաղաքացիական օրենսգրքում կան տարբեր գործիքներ, որոնցից մեկը՝ վնասի փոխհատուցումն է, իսկ մյուսը՝ գործողություններն են, որոնք բացառում են վնասը կամ վնասի հետագա շարունակությունը:

« Այս գործիքի ամբողջ իմաստը ոչ թե փոխհատուցումն է կամ գումարի պահանջը, այլ՝ բացառել, որ Քրեակատարողական ծառայությունը վնաս հասցնի»,- նշեց Օրբելյանը:

Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների հայտարարություններին՝ Օրբելյանը նշեց, որ պետությունները պետք է կիրառեն բոլոր գործիքները՝ ՔԿՀ-ներից առնվազն կալանավորներին, որոշ դեպքերում նաև դատապարտյալներին, կորոնավիրուսով պայմանավորված ազատ արձակելու համար՝ այդ թվում նաև ժամանակավոր:

«Խոսքը չի գնում կալանքն ընդհանրապես չկիրառելու մասին: Կորոնավիրուսի համավարակի տարածման փուլում պետք է ապահովել անձանց անվտանգությունը, իսկ ՔԿՀ-երում անհնար է պահել անհրաժեշտ անվտանգության կանոնները՝ սոցիալական հեռավորությունը, որքան էլ տարօրինակ չլինի՝մեկուսացումը, շփումները»,- ասաց Օրբելյանը:

Նրա խոսքով՝ պետությանը հնարավորություն են տալիս, որպեսզի նա ապահովի պարտականությունները, այն է՝ պարոն Քոչարյանին առնվազն մինչև համավարակի ավարտը դրսում մնալու հնարավորություն տա:

Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել