Tert.am-ը գրում է.

Բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ)  Արթուր Մարտիրոսյանի հետ Tert.am-ը զրուցել է նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում հնարավոր աշխարաքաղաքական վերադասավորումների մասին: Նրա խոսքով` մարդկությունը մտնում է մի տուրբուլենտ անորոշության դարաշրջան, որտեղ գոյատևելու են հակաճգնաժամային իմունիտետի բարձր ցուցանիշներ ունեցող ազգային պետությունները:

-Պարոն Մարտիրոսյան, նոր կորոնավիրուսի տարածմամբ աշխարհը և  համաշխարհային տնտեսությունը կանգնեցին նոր ճգնաժամի առջև: Շատ մտածողներ են այս օրերին նկատում, որ աշխարհն այլևս նոր է, նույնը չի լինի: Դուք նո՞ւյնպես կարծում եք, որ նոր աշխարհակարգի ձևավորման շեմին ենք:

-Վերափոխում եմ Իոսիֆ Բրոդսկու խոսքերը՝ գլոբալ հանկարծաշրջման օրերին «բոլորն էլ մի քիչ գուշակ են»:  Այն, որ համավարակը (ընդ որում`  կորոնավիրուսային - Ա. Մ.) կլինի, ասում էին շատ մասնագետներ, գրողներ, կինոմատոգրաֆիստներ, ֆուտորոլոգներ, բայց ոչ ոք չէր կարողանում ասել, թե հատկապես որտեղ և թե կոնկրետ ինչ վարակ կհամակի ամբողջ մոլորակը. մեր առջև «սև կարապ» չէ, այլ` «կանխատեսված պատահականություն»:

Քաոսի տեսությունում կա «թիթեռի էֆեկտ» այլաբանություն. համակարգի սկզբնական վիճակում փոքրիկ փոփոխությունները կարող են առաջացնել փոքրիկ իրադարձություններ, որոնք էլ պատճառ կդառնան մեծամասշտաբ փոփոխությունների կամ կատակլիզմների: Եթե այդ «կանխատեսելի պատահականություն» այլաբանությունը դիտարկենք  նորովի, ապա «թիթեռնիկի թևերի թափահարումը» կարելի է փոխարինել, օրինակ, եգիպտական մոծակի (Aedesaegypti) խայթոցով:

Վարակաբանները և համաճարակաբանները հիմա կանխատեսում են, որ կլիմայական փոփոխությունները կբերեն նրան, որ որոշ աֆրիկական մոծակներ, որոնք հազվադեպ հանդիպող հիվանդություններ տարածողներ են, կտեղափոխվեն հյուսիս` Եվրոպա, և համավարակները կդառնան նոր իրականություն և կտարածվեն ամեն 3-5 տարին մեկ:

COVID-19 համավարակը գուցե ինչ-որ առումով զգուշացում է մարդկությանը: COVID-19-ը  վրա հասավ, երբ ամբողջ աշխարհն անցումային փուլում էր, երբ հին աշխարակարգը արդեն մարտահրավերներին չէր դիմակայում, իսկ նորը դեռ չէր ձևավորվել: Մեծ հաշվով`կա երկու ճանապարհ. 1). համագործակցային, երբ բոլոր երկրները միասնական ուժերով պետք է պայքարեն հերթական համավարակի դեմ կամ 2).աշխարհը կվերադառնա անցյալին, պայմանական ասած, միջնադար` 14-15-րդ դարեր` «Սև մահվան» ժամանակներ:

Համաշխարհային հանրությանը պետք է լինելու ադապտացված ձևով գտնել նոր միջոց` միասին գոյատևելու, կամ էլ գլորվել դեպի քաոս, որտեղ գոյատևումը կլինի ուժեղագույններինը, իսկ մահացությունը կգերազանցի անգամ 1918-19թթ. «Իսպանական գրիպի» ցուցանիշները, երբ տարբեր հաշվարկներով, վարակվել էր կես միլիարդ մարդ, իսկ մահացավ՝ մինչև 50 միլիոնը:

Պարադոքսը նրանում է, որ 20-րդ դարից հետո մարդկությունն աճել է համարյա հինգ անգամ` 1.5 միլիարդից՝դառնալով 7.5 միլիարդ, միաժամանակ վարակիչ համավարակների համար ավելի լինելով խոցելի՝ պատմության մեջ բնակչության աննախադեպ շարժունակության պատճառով:
Հասկանալը, թե ինչն է պետք թողնել անցյալում, իսկ նորից ինչը վերցնել զինանոց՝ ադապտացիայի փուլում մարտահրավեր է համաշխարհային առաջնորդների համար: Միանգամայն ակնհայտ է, որ որոշ բաներ, ինչպիսիք են`  անհատական պաշտպանության միջոցների, բժշկական սարքավորումների արտադրությունը, բիոտեխնոլոգիական հետազոտոթյունների պետական ֆինանսավորումը վերածվելու են ազգային անվտանգության այնպիսի օրակարգային հարցերի, ինչպիսին այսօր համարվում է զենքերի հետազոտությունն ու արտադրության զարգացումը:

Բայց ժամանակը կանգ չի առնելու: Այս համավարակի շոկից հետո, համավարակների սպառնալիքներին դիմակայելու նոր մեխանիզմների, արագ արձագանքման միջազգային ինստիտուտների ստեղծման գործընթացը պետք է դառնան առաջնահերթություն համաշխարհային առաջնորդների համար: Կդառնա՞ն իրականում. արդեն այլ հարց է:

-Նոր կորոնավիրուսը կարծես լակմուս լիներ աշխարհի դերակատարների համար: Մեկ ամսում հայտնի դարձավ, որ աշխարհի գերհզորներ համարվողները` Մեծ քառյակի երկրները, չեն կարողանում դիմագրավել համաճարակը: Ավելին, ամենամեծ թվով վարակակիրներն այդ երկրներում են: Կարո՞ղ ենք ասել, որ նոր իրողությունը` համավարակի տեսքով, վերադասավորումներ է անելու դերակատարների շարքերում: Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները փոփոխվող աշխարհում նոր դերակատարների, հների տեղերի մասին:

-Երկրների մեծ մասը, պարզվեց, պատրաստ չէր համավարակի  մարտահրավերներին: Բայց երկրների ոչ մեծ խումբ կարողացավ շատ վաղ փուլում որոշակիացնել COVID-19-ի իրական սպառնալիքները և, կոնկրետ վարքագծային մշակույթներում սոցիալական մոբիլիզացիայի ռեսուրսներին համապատասխան գտնել լուծումներ ՝ վիրուսային սպառնալիքը վերահսկելու համար: Եթե այս վարակից մահացության թիվը համեմատենք այլ վարակիչ հիվանդությունների թվի հետ, ապա այն այդքան սարսափելի չի թվա, բայց իրական խնդիրը, որ ստեղծում է COVID-19-ը, այն է, որ այն առանց ախտանշանների, կարող է արագ վարակել մեծ թվով մարդկանց: Եվ եթե նույնիսկ վարակակիրների 15 տոկոսն է հիվանդությունը ծանր տանում, երբ հաշվարկը վերաբերում է տասնյակ հազարավոր վարակվածների, ապա առողջապահական համակարգը, անգամ ամենազարգացած երկրներինը, չի դիմանում. չեն բավականացնում սարքերը, մահճակալները, անձնական հիգիենայի էլեմենտար պարագաները  և պաշպանիչ անձնական միջոցները, բժիշկները: Այս խնդիրներն արդեն բոլորին են հայտնի:

Իհարկե, եթե այնպիսի գերտերություն, ինչպիսին ԱՄՆ է, հայտնվում է լրիվ անպաշտպան իրավիճակում համաճարակի առաջ, ապա միջազգային հարաբերությունների որոշ տեսաբանների մոտ գայթակղություն է առաջանում ցանկալին իրականության տեղ ներկայացնելու: Բայց դա ամբողջությամբ այդպես չէ: Վերջին 30 տարում ԱՄՆ-ն, արդեն երկրորդ անգամ, ձախողվել է ազգային անվտանգության կրիտիկական մարտահրավերների հարցում, ինչը նշանակում է, որ ձախողվել է դրանց դիմակայելու համար ռեսուրսների ռազմավարական բաշխման հարցերում: Սառը պատերազմի ավարտից հետո բաց էր թողնվել ահաբեկչության սպառնալիքը, իսկ վերջին տարիներին ազգային անվտանգության հայեցակարգում առաջնային սպառնալիքներ էին համարվում կամ երկրները՝  Ռուսաստանը, Չինաստանը, կամ կիբերանվտանգությունը, սակայն պարզվեց, որ ամենալուրջ սպառնալիքը  համաճարակայինն է: Չի կարելի ասել, որ այս սպառնալիքները իրենց տեսադաշտում չկային, բայց առաջնահերթություններն էին այլ:

Նոր իրավիճակում ոչ մեծ երկրները ցուցադրում են ճկունություն, ինքնակազմակերպվածություն, կոլեկտիվ գործողությունների կարգապահություն, սովորելու ունակություն, ընդհանուր շահի թելադրանքին ենթարկվելու կարողություն, այդ իսկ պատճառով նրանք կարողանում են հաղթահարել համաճարակն ավելի հաջողությամբ և ավելի քիչ զոհերով:

Դեռ չի ավարտվել համավարակի մոլեգնումը, բայց արդեն ուրվագծվում է ֆինանսատնտեսական ճգնաժամը: Նոր աշխարհակարգի և ուժերի դիրքավորման մասին կարելի է խոսել միայն այդ ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալիս, որը բոլոր ցուցանիշներով ավելի կոշտ կլինի, քան 2008-ի ռեցեսիան էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել