ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հոդվածով, որտեղ նշել է․ «մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ»։

Ըստ «Մեդիա պաշտպանի»՝ Տեր-Պետրոսյանը, փաստորեն, խորացնում է հասարակության որոշ շերտերի մոտ առկա այն թյուր կարծիքը, որ լրատվամիջոցները ընդամենը քարոզչամիջոցներ են, որոնք գտնվում են այս կամ այն քաղաքական ուժի ազդեցության տակ։ Այսպիսի պնդումները նսեմացնում են ազատ մամուլի դերը Հայաստանի Հանրապետությունում՝ նրանց լուր տարածողից իջեցնելով մինչեւ քաղաքականության գործիքի մակարդակի։

Առաջին նախագահը շարունակում է․ «Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել Արտակարգ դրության պարետի եւ Առողջապահության նախարարի հրահանգներին եւ խստորեն կատարել նրանց հանձնարարականները։ Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային»։

Ըստ աղբյուրի՝ արտակարգ դրությունը հայտարարելիս, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մամուլի հանդեպ սահմանափակումներ էր նախատեսել, որոնք արժանացան թե՛ մեր հասարակության, թե՛ միջազգային հանրության շատ կոշտ արձագանքին։ Լեւոն Տեր-Պետրոսյանը պահանջում է իշխանություններից շատ ավելի կոշտ մոտեցում, քան նրանք էին որդեգրել։ Նա նաև հույս է հայտնում, որ «Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը եւ չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսեւորելու այս պատեհությունը»։

Փաստորեն, Տեր-Պետրոսյանը չի ընդունում, որ Հայստանում կա ազատ մամուլ, եւ եթե լրատվամիջոցները հայտնում են պաշտոնականից տարբերվող, կամ նրան հակասող լրատվություն, ապա նրանք գտնվում են երկրորդ կամ երրորդ նախագահի վերահսկողության տակ։ Քաղաքական այսպիսի պարզունակացումը ոչ միայն ջուր է լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին, որն իշխանության գալու առաջին իսկ օրվանից լծվել է պայքարի այն լրատվամիջոցների դեմ, որոնք իր կողմից չեն վերահսկվում, այլեւ իրեն նեղություն էլ չի տալիս թերթել այն քարոզչամիջոցները, որոնք գտնվում են առաջին նախագահի վերահսկողության տակ, եւ որոնք ամենօրյա ռեժիմով թշնամանք ու քարոզչություն են տարածում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է հասարակությունը կոնսոլիդացնելու քողի տակ մամուլի նկատմամբ նման կոշտ հարձակումները եւ հույս է հայտնում, որո Հայաստանի գործող իշխանությունները ականջալուր չեն լինի առաջին նախագահի հորդորներին եւ հավատարիմ կմնան մամուլի ազատության իրենց սահմանադրական պարտականությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել