Քաղաքակիրթ երկրների քաղաքակիրթ ղեկավարություններն ընդունեցին իրենց սխալը և լծվեցին կորոնավիրուսի դեմ պայքարին: Քաղաքակիրթ մարդիկ հասկանում եմ, որ վիրուսն ամբողջությամբ բացահայտված չէ և դեռ կարող է ենթարկվել մուտացիայի, իսկ դրանից հետո էլ որքան ավելի վտանգավոր կամ անվտանգ կդառնա՝ գուշակելը անշնորհակալ գործ է: Դրա համար էլ քաղաքակիրթ ղեկավարությունները կենտրոնացել են վիրուսի հաղթահարման գործի վրա:

Ի՞նչ ունենք մենք այս ֆոնի վրա: Կորոնավիրուսը պինցետով քաշող ու արաղով ախտահանող մեր ղեկավարությունը, թվում էր, հասկացավ իր սխալը: Բայց չէ: Շոուների սիրահար Թորոսյան Արսենը զբաղված է կեղտոտ ստատիստիկա նկարելով: Որպես թափանցիկություն ներկայացնում է 93 տարեկան քաղաքացու մահը և չստուգելով դուրս է թողնում ավելի երիտասարդ տարիքով մեր հայրենակիցների մահերը: Դուրս է թողնում, կրկնում եմ, ստորաբար աղավաղելով իր կեղտոտ խաղն է խաղում:

Ամենատիպիկ օրինակը` անհամեմատ երկտասարդ կինը, որի մահվան պատճառն իբր թե կորոնավիրուսը չէր, բայց որի ամուսինն ու որդին կնոջ մահից անմիջապես հետո թեստավորվեցին, ու պարզվեց, որ վարակված են: Իհարկե, մինչ օրս այդ կնոջ մահը ներառված չէ կորոնավիրուսից մահվան դեպքերի մեջ: Նկարչական աշխատանքներով հիմա էլ փորձում են ցույց տալ, թե պիկն արդեն անցել է` մոռանալով ու անտեսելով, որ սեզոնի համեմատ անհամեմատ շատ են մասնավոր հիվանդանոցներում թոքաբորբով հիվանդները, որոնք մինչ օրս չեն թեստավորվել: Ու նկարչության պատճառը մեկն է` գիտակցումը, որ չեն կարողանում կառավարել արտակարգ դրությունը: Գիտակցումը, որ իրենք այսօր անգամ բժիշկներին չեն կարողանում ըստ արժանվույն պարգևատրել, գիտակցումը, որ հասարակությունն իրենց չի ների ապաշնորհ կառավարումը: Իսկ նկարչությամբ մարդկանց խաբելը հեշտ է` թատրոն, իբր լավ կառավարեցինք, մահեր քիչ ունեցանք, անցանք բնականոն կյանքի: Իսկ մնացած մահերը միայն կորած խղճի վրա է, որը հնարավոր է՝ այդպես էլ չգտնվի:

Ես ուրախ կլինեի, որ արտակարգ դրությունից դուրս գալու վրա լինենք, եթե դա նկարչության և հետագայում մարդկային կյանքերի հաշվին չլիներ:

Հենց այս րոպեներին Էրեբունի հիվանդանոցի ռեանիմացիայում կորոնավիրուսի դեմ պայքարում է ամենամտերիմ ընկերներիցս մեկին շատ հարազատ մարդ: Սա էլ՝ ի գիտություն, որ սուտ է այն պնդումը, որ մասնավորներում կորոնավիրուսով վարակվածներ չկան և կենտրոնացված են մի քանի հիվանդանոցներում:

Շարունակեք ստել, բայց հիշեք, որ եթե անգամ ստի ոտը կարճ չէ, միևնույն է, շատ երկար էլ չէ, բացահայտվելու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել