ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան.
Բազմազավակ ընտանիքների անունից Ձեզ եմ դիմում որպես ընտանիքների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպության` Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ և հայտնում, որ
երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի հետ կապված մեր ազգաբնակչության սոցիալապես անապահով խավը հայտնվել է ծանր ֆինանսական պայմաններում։ Մեր հասարակական կազմակերպությունում օրական տասնյակ հեռախոսազանգեր են ստացվում սոցիալապես խոցելի խավերի ներկայացուցիչներից և բազմազավակ /4 և ավել երեխա ունեցող/ ընտանիքներից, որոնք հայտնում են, որ իրենց ընտանիքները հայտնվել են ֆինանսապես անելանելի դրության մեջ, չեն կարողանում օրվա հացի փող հայթայթել, չեն կարողանում նաև կոմունալ վճարումները կատարել։
Օրվա ընթացքում ոչ մի կերպ չկարողացանք հեռախոսակապ հաստատել կառավարության պատասխանատու պաշտոնատար անձանց հետ, որպեսզի հայտնել ստեղծված իրավիճակի մասին և լուծումներ պահանջել։ Մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան, ուստի հարկ համարեցի գրել Ձեզ։


Այս օրերին մեզ են դիմում շատ բազմազավակ ընտանիքներ, որոնք չէն կարողանում հայթայթել գումար սննդի համար, ի վիճակի չեն վճարել իրենց կոմունալ վճարները։
Հանրապետությունում կան մոտ 6500 բազմազավակ ընտանիքներ, որոնցից մոտ 5500 ֊ ը ստանում են ընտանեկան նպաստ, մնացած թվով 1000 ընտանիքները ընդգրկված չէն նպաստառուների մեջ։

Բազմազավակ ընտանիքները հայտնում են, որ վերջացել է ամեն ինչ, ոչ սնունդ կա, ոչ էլ փող, երեխաները ունեն հացի խնդիր։ Նրանք առաջարկում են, որ կառավարությունը բազմազավակ ընտանիքների կոմունալ վճարները վերցնի իր վրա, որպեսզի ստացած նպաստով գոնե կարողանան օրվա հացի հարցը լուծել։

Գտնում եմ, որ առաջարկը խելամիտ է և այս քայլով որոշակիորեն կմեղմվի հասարակության ամենախոցելի շերտերի սոցիալական դժվարությունները, ուստի այն ընդունելի պետք է լինի կառավարության կողմից։

Շնորհակալություն։

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ
Խաչատուր Մարոզյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել