Factor.am-ը գրում է․

Հաշվի առնելով, որ գազի գինը հաճախ կապակցվում է նավթի գնի հետ, մեծ է հավանականությունը, որ գազի գինը կնվազի: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն՝ անդրադառնալով Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ սպասվող բանակցություններին:

«Բայց դա կախված է պայմանագրից, որը կկնքվի հայկական և ռուսական կողմերի միջև»,- հավելեց նա:

Փորձագետն ասաց՝ տեղյակ չէ, որ «Գազպրոմ Արմենիա»-ն սպառողների համար գազի գինը բարձրացնելու մտադրություն ունի, սակայն կարծիք հայտնեց, որ բանակցությունների ընթացքում հարցը կլուծվի երկկողմ համաձայնությամբ:

«Ես կարծում եմ, որ եթե այս խնդրում Հայաստանի համար վիճելի հարցեր լինեն, ապա բանակցությունները բավական երկար կտևեն: Այդ ընթացքում, իհարկե, կարճաժամկետ պայմանագրեր կկնքվեն: Դրանից հետո արդեն, կողմերի փոխհամաձայնությամբ, պայմանագիր կկնքվի: Միանգամայն հավանական է, որ գինը նույնը կմնա»,- նշեց Բոգդան Բեզպալկոն:

Այնուամենայնիվ, մեկնաբանելով Հայաստանում սպառողի համար գազի գինն ավելացնելու՝ «Գազպրոմ Արմենիա»-ի մտադրությունը, քաղաքագետը նշեց, որ հնարավոր է՝ սա որոշակի արձագանք էր Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև զրույցի, որի շրջանակում նրանք խոսել են ռուսական գազի գնի նվազման անհրաժեշտության մասին. «Բայց Բելառուսի համար հարցն արդեն արդիական չէ, քանի որ նրանք արդեն պայմանագիր ունեն, և կողմերն այն առայժմ չեն վերանայի»:

Իսկ վերաբերում է Հայաստանին՝ նոր պայմանագիր կկնքվի բանակցային գործընթացի արդյունքում: «Սակայն բանակցությունների արդյունքների մասին հիմա միայն ենթադրություն կարող ենք անել, կանխագուշակում՝ ոչ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք՝ այս տարեսկզբին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերությունը գազի գնի վերանայման համար դիմում չի ներկայացնի մինչև ապրիլի 1-ը։ Իսկ «Գազպրոմ Արմենիա»-ն, առանց օր կորցնելու, պայմանավորվածության ավարտի հենց նույն օրը հայտարարեց գազի գնի թանկացման հայտ ներկայացնելու մասին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել