Pastinfo.am-ը գրում է․

Վարչապետը չասաց ում է հանձնարարել ստուգել Արցախի ընտրություններում գրանցված ընտրախախտումները: Հնարավոր է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին է նման հանձնարարական տվել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած ընտրություններին, ընդհանուր առմամբ դրական գնահատեց դրանց անցկացումը` ավելացնելով, թե ընտրախախտումների և ընտրակաշառքների վերաբերյալ մի քանի ահազանգեր է ստացել և հանձնարարել, որ դրանք ստուգեն:

Քաղտեխնոլոգը նկատեց ֆորմալ առումով վարչապետը որևէ խախտում չի արել, բայց եթե անգամ եղել է խախտում, ապա ի՞նչ է անելու Հայաստանը. «Պաշտոնական Երևանն ի՞նչ է անելու, փոխելո՞ւ է արդյունքները: Ասել եք անկախ են, նրանք էլ ընտրություններ են արել»,-ասաց Վիգեն Հակոբյանը միևնույն ժամանակ նկատելով, որ հստակ չէ վարչապետն այդ մասին հանձնարարել է օրինակ Արցախի համապատասխան մարմիններին, թե ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին. «Ֆորմալ մասը պահպանել է կարծում եմ: Սակայն եթե ոչ ֆորմալ ենք հարցին մոտենում, բոլորս էլ հասկանում ենք, որ այնուամենայնիվ Հայաստանի ազդեցությունը Արցախում տեղի ունեցող պրոցեսների վրա ահռելի է: Բոլորս էլ հասկանում ենք, որ ցանկության դեպքում վարչապետն իսկապես կարող է և’ ճշտել, և’ ազդել»,-ասաց քաղտեխնոլոգը:

Դիտարկմանը արդյոք այդ արտահայտությունն Արցախի դիրքերը չի թուլացնում որպես առանձին պետություն, Վիգեն Հակոբյանը նկատեց եթե պաշտոնական կոնցեպցիայի հիմքում դրված է երկու պետություններ հասկացությունը, ապա հնարավոր է թուլացնում է. «Բայց այսօրվա դրությամբ Հայաստանի իշխանություններն ինչ հայտարարություն ասես անում են, ինչի պատճառով դժվար է հասկանալ որ ուղղությամբ ենք գնում: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, իշխանությունը չի ձևակերպել Արցախի հարցի շուրջ իր մոտեցումները: Մեկ հայտարարվում է Արցախն անխկախ երկիր է և Հայաստանը չի կարող ներկայացնել Արցախին, դրա համար պետք է վերադառնա բանակցությունների սեղան, հետո հայտարարվում է` Արցախը Հայաստան է և վերջ: Վերջին երկու տարվա ընթացքում մոտեցումների բավական լուրջ բազմազանություն կա, ինչը խնդիր է»,-ընդգծեց Վիգեն Հակոբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել