168.am-ը գրում է․

168am-ի զրուցակիցն է «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

– Պարոն Դավթյան, նախօրեին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, ըստ հայկական կողմի՝ քննարկվել էր գազի գինը, դրանից ժամեր անց ՀՀ վարչապետն իր ուղիղ եթերի ընթացքում ասաց, որ ՌԴ նախագահը կմիջամտի այս հարցին։ Հաշվի առնելով այն տնտեսական իրավիճակը, որն այսօր կա ՌԴ-ում՝ նավթի գնանկումը, ՌԴ տնտեսության կախումը նավթից, կորոնավիրուսի պայքարի շրջանակում իրականացվող ահռելի ծախսերը, բյուջետային խնդիրները, ինչպե՞ս «Գազպրոմ»-ը և ռուսական կողմը կարձագանքի այս հայտին, երբ ՌԴ-ում նաև կարծիքներ կան, որ գուցե ռուսական կողմը սկսի բյուջեն լցնել նաև գազի գների բարձրացման հաշվին։

– Նախ՝ ցանկանում եմ նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմիջամտի այս հարցին։ Սակայն չեմ կարծում, թե սա այն հարցն է, որը գտնվում է ՌԴ նախագահի տիրույթում։ Գազի ներքին սակագնային կարգավորումն այն հարցն է, որը գտնվում է տնտեսվարող սուբյեկտի՝ «Գազպրոմ Արմենիայի» և Հայաստանի Հանրապետության կառավարության տիրույթում, հետևաբար՝ չեմ կարծում, որ երրորդ երկրի նախագահը կմիջամտի այս հարցերին։

Ինչ վերաբերում է պնդումներին առ այն, որ գազի գնի բարձրացման շնորհիվ ՌԴ-ն կփորձի լուծել իր որոշակի բյուջետային հարցերը, Հայաստանի դեպքում ակնհայտորեն մենք պետք է հաշվի առնենք այն պրագմատիկ ցուցանիշները, որոնք կան՝ Ռուսաստանը տարեկան արտահանում է մոտավորապես 250 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, իսկ Հայաստանը ներկրում է մոտավորապես 1,8 և, լավագույն դեպքում, 2 միլիարդ խորանարդ մետր գազ, ուստի, ես կարծում եմ, որ մենք մեզ պետք է օբյեկտիվ վերաբերվենք և հասկանանք, որ այդ 1,8-2 միլիարդը որևէ էական եղանակ չի կարող ստեղծել Ռուսաստանի նավթագազային ռազմավարության մշակման և իրականացման մեջ։

– Ավանդաբար գազի գինը դիտարկվում է՝ որպես քաղաքական լծակ Ռուսաստանի քաղաքական վերնախավի «ձեռքում», և այս պահին խոսք է գնում սահմանին գազի գնի իջեցման մասին։ Այս կոնտեքստում ՌԴ նախագահը որևէ դերակատարություն չի՞ կարող ունենալ։

 Ինչ վերաբերում է սահմանին գազի գնին, ապա գազը, լինելով աշխարհաքաղաքական գործիք, ակնհայտ է, որ ՌԴ նախագահը կարող է որոշակի դերակատարում ունենալ։ Սակայն, եթե մենք հիմնվենք այն նամակի վրա, որն ուղղվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից «Գազպրոմ»-ի նախագահին, ապա այնտեղ հնարավորինս մինիմալիզացվել է քաղաքական բաղադրիչը և ընդգծվել՝ տնտեսականը։

Եթե հիշում եք, նամակի բովանդակությունը կառուցված էր 2 բաղադրիչի վրա։ Առաջինը՝ անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ մատակարարվող բնական գազի գինը միջազգային գներին, որոնք այսօր անկում են ապրում ողջ աշխարհում։ Եվ երկրորդը՝ դա դեդոլարիզացիան է։ Այսինքն՝ առքուվաճառքն ազգային արժույթով իրականացնելու հարցը։ Լավագույնը, ինչ Ռուսաստանը կարող է այս առաջարկ-նամակի շրջանակում մեզ առաջարկել, դա Հայաստանին Եվրոպայում գործող սփոթային գներին համապատասխան գներ առաջարկելն է։ Եվրոպայում գործող սփոթային գները բացառապես շուկայական են և բավականին լուրջ տատանումներ են ցուցաբերում հատկապես վերջին շրջանում։ Եվ եթե այսօր, այո, այդ սփոթային գները հասել են 80-90 դոլարի 1000 խորանարդ մետր գազի դիմաց, ապա հավաստիացնում եմ Ձեզ, որ վաղը, երբ համաշխարհային էներգետիկ շուկան կարգավորվի, այդ գները ևս կբարձրանան, և չի բացառվում, որ հասնեն 2018 թվականի վերջի և 2019 թվականի սկզբի գներին, երբ դրանք հասնում էին 220 դոլարի։ Ի՞նչ ենք մենք անելու այդ ժամանակ, կրկին նամա՞կ ենք գրելու Միլլերին, որ վերադառնանք հին գնին՝ 165 դոլարին։

– Այսինքն՝ սա Դուք գնահատում եք իրավիճակային քաղաքականություն և համարում եք ռիսկայի՞ն։

– Կարծում եմ՝ Կառավարության կողմից այսօր առավելապես նպատակ է դրվում լուծել այսրոպեական խնդիր, որովհետև ընթացիկ, կարճաժամկետ խնդիր լուծելու հետ մեկտեղ՝ նրանք գնում են միջնաժամկետ և երկարաժամկետ ռիսկերի ու վտանգների ձևավորման ճանապարհով։ Կրկնում եմ՝ սփոթային գները կարող են շատ արագ փոխվել և կարող են բարձրանալ՝ հասնելով մի այնպիսի մակարդակի, երբ գործող 165 դոլարը կլինի ցածր գին, և վստահեցնում եմ, որ այն աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք այսօր ընթանում են հատկապես Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև, վաղ թե ուշ տանելու են դեպի նոր էներգետիկ աշխարհակարգի ձևավորման, որտեղ կլինի գոտիների հստակ տարանջատում։ Ես կարծում եմ, որ արդեն այս տարվա ավարտին էներգետիկ շուկաները վերջնականապես կկարգավորվեն։

Այս հեռահար մտածողությունը, իրականում, անհրաժեշտ է, որպեսզի որդեգրեն մեր Կառավարության անդամները և այն դերակատարները, որոնք պատասխանատու են էներգետիկ քաղաքականության համար։

Ինչ վերաբերում է նամակի երկրորդ բաղադրիչին՝ դեդոլարիզացիային, ապա այն, իրականում, ամենևին էլ նոր գաղափար չէ։ Առաջին անգամ այն առաջարկել էր, ի դեպ, հենց Հայաստանի կառավարությունը 2015 թվականին, և մտցվել էր ԵԱՏՄ օրակարգ։ Այն ժամանակ որևէ իրական քայլ չիրականացվեց, ինչո՞ւ, որովհետև ՌԴ-ն 2014-2015-2016 թթ․ դեռ նոր էր ուշքի գալիս միջազգային ճգնաժամից և շուկայում առկա էր դոլարի պակասորդ, անհրաժեշտ էր այդ դոլարով իրականացվող առևտուրն ակտիվացնել, որպեսզի դոլարային զանգվածը երկրում ավելանա։ Այժմ արդեն Ռուսաստանն այդ խնդիրը չունի, սա է պատճառը, որ այսօր արդեն առանձին առևտրային ուղղություններով ՌԴ-ն գնում է այս մոդելի գործարկմանը Չինաստանի, Թուրքիայի, Իրանի հետ հարաբերություններում։ 2018 թվականից ի վեր արդեն նավթամթերքի առևտուրը Ռուսաստանի հետ իրականացվում է ռուբլիով, մասնավորապես՝ «Գազպրոմ նավթ» ընկերության կողմից մատակարարվող, այս նույն մոդելը հույժ անհրաժեշտ է տեղափոխել գազատրանսպորտային տիրույթ, քանի որ դոլարից կախվածությունն իրականում լուրջ խնդիրներ է ստեղծում ՀՀ-ում իրականացվող գնային քաղաքականության համար։

– Ըստ Ձեզ՝ ռուսական կողմն այդ երկու բաղադրիչով ՀՀ-ի առաջարկ-նամակին ինչպե՞ս կարձագանքի՝ հաշվի առնելով տնտեսական միտումները և Ձեր նշած ռիսկերը։

– Իրականում պետք է սպասել։ Չեմ կարծում, որ առաջին բաղադրիչի դեպքում այստեղ կլինի դրական պատասխան, որովհետև բոլորն էլ հասկանում են դրա երկարաժամկետ ռիսկերը և հասկանում են շատ լավ, որ Հայաստանն այսօր օբյեկտիվորեն ի վիճակի չէ աշխատել այս գազատրանսպորտային տիրույթում Ռուսաստանի հետ՝ բացառապես կոմերցիոն տրամաբանության շրջանակներում։

Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ մինչև 2025 թվական պետք է ձևավորվի ԵԱՏՄ ընդհանուր ագզային շուկան, ըստ այդմ պետք է կամաց-կամաց փորձել տեղավորվել այս նոր տրամաբանության մեջ, բայց ակնհայտ է, որ ներկայումս Հայաստանը դրան պատրաստ չէ, որովհետև Հայաստանում դեռ չի ձևավորվել էներգետիկ ազատականացված շուկա, ՀՀ-ն դեռ ինտեգրված չէ միջազգային էներգետիկ շուկաներին, ըստ այդմ, սփոթային գներով աշխատելը կարող է հավելյալ ռիսկեր ստեղծել Հայաստանի համար, դա շատ լավ հասկանում են նաև Մոսկվայում։ Առավել ևս չեն կցի Հայաստան մատակարարվող գազի գինը նավթին, որովհետև սա ևս տուրբուլենտություն կստեղծի ՀՀ տնտեսության համար։

Ինչ վերաբերում է դեդոլարիզացիային, ապա սա երկարաժամկետ ծրագիր է, ու վաղ թե ուշ այն կյանքի է կոչվելու՝ անկախ ընթացիկ քաղաքական կոնյունկտուրայից, որովհետև եթե ԵԱՏՄ-ն և դրա շրջանակներում գործող ընդհանուր էներգետիկ շուկաները նպատակ ունեն իսկապես կայանալու՝ որպես ավտոնոմ միավորներ, ապա դեդոլարիզացիան դա առանցքային մարտահրավերներից է։ Ուստի կարծում եմ, որ այդ հարցը կլուծվի, բայց ոչ կարճաժամկետ ժամանակահատվածում, այլ միջնաժամկետ, կրկին մինչև 2025 թվական, երբ Հայաստանը վերջնականապես կինտեգրվի ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել