Հայկական ավիացիայի շուրջ կրքերը կարծես թե հանդարտվելու նպատակ չունեն:
Վերջին օրերին հայկական որոշ ավիաընկերությունների կողմից դեպի Եվրոպա իրականացվող թռիչքների արգելման, և այդ կապակցությամբ ՔԱԿ-ի շուրջ ծավալված զարգացումներին զուգահեռ երկուշաբթի օրը «պատահական զուգադիպությամբ» բրիտանական հեղինակավոր «The Independent»-ի ինտերնետային կայքի պարսկերեն հրապարակման բաժնում հայտնվել է «Պատժամիջոցների շրջանցման համար «Մահան»-ի երեք հաջող օպերացիաների պատմությունը» կամ «Ինչպե՞ս Հայաստանը վերածվեց «Մահան» ավիաընկերության ենտաբեմին» խորագրով հոդվածը:
Ավիացիայի ու պաշտպանության ոլորտի փորձագետ Բաբաք Թաղավին հիշյալ հոդվածում մանրամասնորեն ներկայացրել է վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում տարբեր անունների ներքո ավիաընկերություններ գրանցելու միջոցով ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու իրանական «Մահան» ավիաընկերության քայլերին: Հոդվածագիրն, ի դեպ, Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնող միակ ավիաընկերություն «Արմենիա Էյրվեյզ»-ին մեղադրել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված «Մահան» ավիաընկերության հետ համագործակցության և ինքնաթիռների արգելված պահեստամասեր ձեռքբերելու հարցում հիշյալ ավիաընկերությանն օժանդակելու մեջ:
Դժվար թե բրիտանական թերթում հայտնված հիշյալ տեղեկությունները վրիպեն ԱՄՆ-ի գանձապետարանի սուր հայացքից, ինչից կարելի է եզրակացնել, որ մոտ օրերս հնարավոր է հայկական ավիացիայի շուրջ, իհարկե, միանշանակ, այլ ուղղությամբ, նոր խնդիրներ ծագեն: