Արցախում մայիսի 31-ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքները մտածելու տեղիք են տալիս։ Լիովին սպասելի էր, որ Ադրբեջանին սատարող Թուրքիան պետք է հակահայկական հայտարարություն աներ, սակայն լիովին անսպասելի էր, որ Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակը, Թուրքիայում Կանդայի դեսպանությունը և «Իսլամական համագործակցության կազմակերպությունը» հայտարարեցին, որ չեն ճանաչում Արցախում կայացած ընտրությունները։
Հասկանալի է, որ այս հայտարարությունները թուրք-ադրբեջանական ջանքերի արդյունք են։ Սակայն չերևաց հայկական կողմի դիվանագիտական ջանքերի արդյունքը, քանի որ միայն լուրջ աշխատանքի դեպքում հնարավոր կլիներ ոչ միայն կանխել Կանադայի, ԵՄ-ի և ԻՀԿ-ի հայտարարությունները, այլև հասնել նրան, որ Արցախում տեղի ունեցած ընտրությունները ժողովրդավարական տեսանկյունից բարձր գնահատականի արժանանան տարբեր միջազգային հարթակներում։ Իրավիճակը թելադրում է, որ հայկական կողմը շատ լուրջ ռեսուրսներ ներդնի թուրք-ադրբեջանական դիվանագիտությանը հակազդելու նպատակով։