Վստահաբար և առանց չափազանցության այլևս կարելի է պնդել, որ մենք աշխարհի ամենաընկալունակ ժողովուրդն ենք, երբ խոսքը վերաբերում է ֆեյք նույզերին, միֆերին, դավադրության տեսություններին, բամբասանքներին և ամեն տեսակի հակագիտական տխմարաբանություններին: Մենք դրանք կլանում ենք սարսափելի արագությամբ և անպատկերացնելի սիրով: Եվ վարակում մեր շրջապատը այդ նույն ախտով:

Մենք խորապես հետ ենք մնացել աշխարհի առաջադեմ հատվածից, թեև վստահ ենք, որ մեր կրթական ցենզն ամենաբարձրն է ողջ մոլորակում: Այսպիսի ահռելի քանակությամբ կեղծ լուրեր, ստեր և հիմարություններ` Կորոնավիրուսի ծագման, վտանգավորության, հիվանդների, ամենատարբեր բաներից մահացողների թվերի հետ համեմատությունների, ամենատարբեր պատվաստանյութերի, անգամ 5G կապի մասին որևէ ժողովուրդ այդքան կրքոտորեն չի սպառում` որքան մենք:

Եվ այդ ամենի հիմքում մեր համոզմունքն է ընկած, ըստ որի աշխարհը դավադիր է, նենգ մի համակարգ, որտեղ գաղտնի համաշխարհային կառավարությունը` սատանաների գլխավորությամբ լաբորատոր պայմաններում մասսյական կեղծիքներ և մարդկությանը ոչնչացնող ծրագրեր է մշակում, վիրուսներ պատրաստում, իսկ մենք միակ ազգն ենք, որ ազգովի անմիջապես դա բացահայտում ենք, հասկանում, որ դա դավադրություն է մարդկության դեմ և մեր ֆեյսբուքյան ֆիդերում ապուշ աշխարհի աչքերն ենք անընդհատ փորձում բացել, որպեսզի լսեն մեզ, կարդան մեր կիսած հանճարեղ բացահայտումները: Բացահայտումներ, որ ինչ-որ ամերիկացի անչափահաս է արել իր ավտոտնակում կամ մի ռուս ութսունամյա հետախույզ-գեներալ` իր մոսկովյան կոմունալ բնակարանի շատ կարևոր խոհանոցում:

Ուղղակի ողբերգություն է, ուղղակի անպատկերացնելի, որ աշխարհի ամեն անգրագետ դավադրապաշտի, ամեն տխմարի YouTube-յան տեսանյութի և ամեն ֆեյք Նյուզի արտադրամաս ֆեյք կայքերի էժանագին և խելագար նյութերի հեշտ զոհերն ենք դառնում մենք ու կիսվում անպատկերացնելի հիմարության հոդվածներով, կարծիքներով, կեղծված լուսանկարներով և սատանայի դավը բացահայտողների ահասարսուռ ձայներով ուղեկցվող մոնտաժված տեսանյութերով: Եվ ֆանատիկորեն լուսավորում ենք բոլորին ու ամեն ինչ` մեր հայտնագործած բացառիկ գյուտերով, պայքարում այդ ճշմարտության համար մինչև վերջին խոսք, պնդում, գոչում ու համոզում:

Միայն մենք: Միայն մեզանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել