Մեր նախորդ երկու տարին անցավ՝ համոզելով Նիկոլ Փաշինյանին, որ անցյալը փորփրելու փոխարեն՝ հայ ժողովրդին ապագա ունենալու շանս տա, որ կենտրոնանա մեր գալիքի վրա ու եթե նույնիսկ որոշել է, որ իրեն ոչ մեկի օգնությունն էլ պետք չէ, ապա, գոնե ինքն իր թիմով մեկնարկի ու փորձի իրագործել ինչ-որ էական բան: Դոտացիայով Իտալիա թռչելու մասին չեմ ասում, ասում եմ՝ որևէ էական բան: Չարեց… Փոխարենը ամբողջ երկու տարի երկիրը պտտեց մի քանի դատական գործի շուրջ՝ մսխելով մեր էներգիան, ժամանակը, ռեսուրսներն ու սպասումները:
Անցյալի մոլուցքով տառապող այս մարդը հիմա մեծ խնդիր ունի: Խնդիր, որը թաքցնելը կամ հերքելը անհնար է, անգամ, երբ 24 ժամ պատրաստ ես միալար խոսել: Մի կողմից անկառավարելի է դառնում պանդեմիան, մյուս կողմից՝ մեզ է մոտենում լրջագույն տնտեսական ճգնաժամը, ու ստագնացիայի լիարժեք հաղթահարումը արտակարգ իրավիճակում ապրած ամեն օրվա պատճառով ավելի բարդ է դառնում: Ու եթե համադրում ես, որ քաղաքակիրթ աշխարհի հզորներն էլ փակվել են ամենքն իր մեջ ու մեր այս դժվարին պահին Համաշխարհային բանկը կորոնավիրուսը հաղթահարելու համար ՀՀ-ին ընդամենը 3 մլն դոլար է առաջարկում, պարզ է դառնում, որ Հայաստանի հույսը կարող է լինել միայն Հայաստանը:
Մեր խնդիրն ամեն օր մեծանում է, որովհետև չգիտենք՝ ինչ անել: Չգիտեինք մեկ ամիս առաջ, երբ մարդկանց առողջությունն էինք զոհում հանուն «Հրայր Թովմասյան» կոչվող իդեա ֆիքսի, չգիտենք նաև հիմա, երբ բանը բանից անցել է: Առաջ սպասում էինք՝ Քոչարյանը բերդում նստի, որ լավ լինի, հիմա՝ բոլորս պետք է տանը նստենք, որ լինի լավ: Ու երբ հարցնում ես, թե այդ լավը ո՞րն է կամ ինչպե՞ս է գալու, երբ մեր տանը նստելու պայմաններում հիվանդությունը ոչ թե վերանալու է, այլ ընդամենը դեպքերն են սկսելու քչանալ, ու երբ ինչ-որ մի օր արտակարգ ռեժիմից դուրս գանք, պանդեմիան նորից թափ է հավաքելու, պատասխան չկա: Ավելի շուտ՝ կա, բայց ոսպի փոխարինչի մակարդակի պատասխան է:
Իսկ գալու է, չէ՞, օրը, երբ րոպեների ու ժամերի ճշտությամբ վերլուծվելու են այն քայլերը, որոնք արվել են և այն քայլերը որոնք կարող էին, բայց չեն արվել այս օրերին: Գալու է, չէ՞, պահը, երբ ստիպված ենք լինելու պատասխանել՝ ինչու արեցինք այս բանը և ինչու հե՛նց այդպես արեցինք: Անդրանիկ Քոչարյանի պես մեկը կանչելու է, չէ՞, Նիկոլ Փաշինյանին, Արսեն Թորոսյանին ու հարցեր տա: Կարողանալո՞ւ են նրանք այդ հարցերին սպառիչ պատասխանել: Կասկածում եմ: Փոխարենը չեմ կասկածում, որ խնդիրը գցելու են էջմիածնեցի կնոջ վրա, Սահմանադրության վրա, որևէ ապաշնորհ չինովնիկի վրա, որին պետք է ազատել ու հարցը փակել, անուշադիր քաղաքացիների վրա, որոնք լսել էին միայն Փաշինյանի այն ելույթը, որտեղ ասում էր՝ սա գրիպի նման վիրուս է, և նենգաբար չէին լսել այն մեկը, որում ասվում էր՝ սա գրիպի նման վիրուս չէ:
Մենք երկու տարի է՝ ապրում ենք՝ ամեն օր «Մարտի 1»-ի գործի մասին կարդալով: «Մարտի 1»-ին 10 մարդ զոհվեց, կորոնավիրուսից զոհերի թիվն արդեն հասել է 7-ի ու դեռ կաճի: Վրաստանը մեր հյուսիսային հարևանն է՝ աշխարհի հետ հազար թելով կապված, բայց հնգակի քիչ վարակված ու զրո զոհ ունի: Ֆեմիդայի դիմակով ապրիլյան պատերազմն ու «Մարտի 1»-ը քննող Փաշինյանը նույն կերպ հետևողական լինելո՞ւ է, որ այս պատկերի պատասխանը տրվի: Կամ նա գոնե գիտակցո՞ւմ է, որ այդ պատասխանն, այնուամենայնիվ, ստիպված է լինելու տալ: Իսկ եթե չի գիտակցում, ապա հուշեմ՝ դա լինելու է: Ու դա պահանջելու է նույն քաղաքացին, որը նրան իշխանության բերեց ու այսօր քաղցած է: Այնպես որ՝ պետք է լրջանալ: