Նիկոլ Փաշինյանն ասում է, թե հարկերը գոյանում են շահույթից, եթե շահույթ չունեն, չեն հարկվում՝ նշելով, որ կազմակերպությունները հարկերը մուծելու են իրենց ունեցած շահույթից, իսկ ՊԵԿ-ն էլ առավել ևս հիմա պետք է աշխատի ավելի կանոնավոր կերպով:
Կառավարությունը վերոնշյալ մոտեցումը կիրառելիս հաշվի չի առնում, որ կազմակերպությունները, որոնք աշխատել են մինչև արտակարգ դրություն մտցնելը, ունեցել են եկամուտներ, որոնցից էլ պետք է մուծեն հարկեր, այս պահին չեն աշխատում, այսինքն՝ չունեն շահույթ, բայց ունեն ծախսեր՝ տարածքի վարձ, աշխատավարձ և այլն:
Երբ պետությունը հարկային որևէ արտոնություն չի տալիս՝ հարկերի հետաձգում, որոշակի դեպքերում ներում և այլն, ապա շատ կազմակերպություններ ուղղակի չեն կարողանալու հաղթահարել այս ճգնաժամը՝ ստիպված են լինելու կամ փակվել, կամ կրճատումներ անել, որոշ դեպքերում նույնիսկ կարող են սննկանալ:
Ինչ վերաբերում է վարկերին, ապա դա չի կարող լինել որպես օգնություն, քանի որ վարկը, փաստացի, նոր ծախս է կազմակերպության համար, որի կատարման պարտավորությունը ստանձնում է այն պայմաններում, երբ չկա որոշակիություն, թե ինչ կառուցվածք է ունենալու տնտեսությունն ապագայում: