Չորս տարի առաջ այս օրը սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Ընդամենը մի քանի օր տևած կռիվը իր մասշտաբներով, լարվածությամբ ու դաժանությամբ գերազանցեց այն ամենը, ինչ եղել էր մինչև այդ։ Հակառակորդը և՛ մեզնից լավ էր պատրաստվել այս անգամ, և՛ լայն աջակցություն ուներ, և՛ օգտագործեց անակնկալի գործոնը։ Հաշվարկն արված էր այնպես, որ թևային գրոհներով շեղելով և կաշկանդելով մեր հիմնական ուժերը, գլխավոր հարվածն ի վերջո հասցնեն մեր պաշտապնության կենտրոնին, ճեղքեն և կազմալուծեն այն ու կանգնեցնեն մեզ անշրջելի փաստի առաջ։
Այս հրեշավոր պլանն իրականություն կդառնար, եթե մեր ժողովուրդը մի մարդու պես ոտքի չկանգներ այդ օրերին ու իր հերոս զավակների կյանքի ու առողջության գնով չկանգնեցներ հակառակորդին։ Այսօրվա խաղաղությունը նրանցից յուրաքանչյուրի նվաճումն է, ու մենք բոլորս պարտք ունենք այն տղերքի առաջ, որոնք այդ օրերին իրենց համառությամբ, նվիրվածությամբ, եղբայրությամբ մինչև վերջ կանգնեցին իրեց մարտական դիրքերում ու կանգնեցրին հակառակորդին։ Ու անսահման պարտք ունենք այն հերոս տղերքի առաջ, որոնք նաև իրենց կյանքը տվեցին նրա համար, որ մենք այսօր խաղաղ ու անպարտ ապրենք։
Ձեր հիշատակը հավերժ է, եղբայրներ։ Ձեր օրինակով են մեծանալու մեր երեխաները, ձեր գործն են շարունակելու մեր հաջորդ սերունդները։ Հանգչեք խաղաղությամբ, հավերժ ՓԱՌՔ ձեզ։