Ազգային ժողովը՝ 71 կողմ ձայներով ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Ըստ այս նախագծի՝ արտակարգ դրության ռեժիմում, հեռահաղորդակցման օպերատորներից օգտվող անհատ քաղաքացիների տեղաշարժի գրաֆիկը, զանգերի և կարճ հաղորդագրությունների մասին տեղեկությունները հավաքագրվում են և ամեն վայրկյան կարող են օգտագործվել։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ցավում է, որ ուրիշի մասնավոր կյանք ներխուժելու մասին օրինագիծն ընդունվեց։ Այս նախագծին դեմ էին արտահայտվել ՀՀ ՄԻՊ֊ը, մի շարք մեդիա ներկայացուցիչներ և իրավապաշտպան կառույցներ։

Իշխանական թևի պատգամավորները քվորում չապահովելուց հետո, հատուկ այս օրինագծի համար արտահերթ նիստ հրավիրեցին և ինչպես պնդում են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, իրենց այդ նիստի մասին տեղեկացրել են նիստը սկսելուց 5 րոպե հետո և փաստացի նիստն անցկացվել է առանց ընդդիմադիրների։

Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը դեռ հիմք չէ, որ ներխուժեն մարդկանց մասնավոր կյանք։ Հորդորում ենք հետևողական լինել մարդու իրավունքների սկզբունքներին և սահմանափակումների միջոցով չհասցնել դրանց վերջնական և տոտալ վերացման։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իշխանություններին զերծ մնալ համաճարակը քաղաքական շահերին ծառայեցնելու սկզբունքից։ Տեխնիկական այն միջոցները, մարդկային և ֆինանսական այն ռեսուրսները, որոնք պետք է օգտագործվեն այս նախագիծն իրականացնելիս, արդարացված չեն և իշխանության կողմից նոր միջոց են ընդդիմախոսների դեմ պայքարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել