ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ի վերջո ընդունեց հեռախոսակապերի հետ կապված աղմկահարույց օրինագիծը:
Նախագծի հեղինակ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պնդումն այն մասին, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով բջջային հեռախոսների տեղեկությունների օգտագործումը նախընթաց ունի այլ երկրներում համապատասխանում է իրականությանը: Նման փորձ կիրառվել է Չինաստանում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Իտալիայում, Ավստրիայում, Իսրայելում եւ...: Այդուհանդերձ «Իմ Քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը պարունակում է մի կետ, որի պատճառով էլ Հայաստանում որդեգրվելիք ընթացքը տարբերվելու է հիշյալ երկրների փորձից, ինչն էլ կասկածի տակ է առնում այս հարցում նրանց անկեղծությունը:
Այլ երկրներում կիրառված փորձն ընդհանրապես վերաբերում է այն օգտատերերին որոնց մոտ կորոնավիրուսի գոյության քննության արդյունքը դրական է եղել ու միայն վերաբերում է նրանց տեղաշարժման մասին տեղեկություններին,, պարզելու համար թե ենթադրյալ հիվանդը, որ վայրերում է գտնվել ու ում հետ է ֆիզիկական շփում ունեցել: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ-ի ընդունած նախագծին, դա նաեւ ներառում է անձի հեռախոսակապերի մասին տեղեկությունը, որը պարզ չէ, թե ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում, հենց այնպես որ մինչեւ այսօր առնվազն ինձ համար պարզ չէ, թե Իրանի հետ վիզայի ռեժիմի վերականգնումն ինչպես է ազդել այդ վիրուսի տարածումը կանխելու վրա:
Ի դեպ, բոլոր այն երկրներում որտեղ նման փորձ է կիրառվել իրավապաշտպան կառույցները մարդու իրավունքների ու անհատական ազատությունների ոտնահարման հետ կապված լուրջ մտահոգություն են հայտնել, մասնավորապես նկատի առնելով այն հարցը, որ ժողովրդավարությունը բոլոր երկրներում նույն մակարդակում չի գտնվում եւ կարեւորը ոչ թե այսօր, այլ հետկորոնավիրուսային աշխարհում օրենքի իշխանության վերականգնումն է:
Վաշինգտոնում գործող «Միջազգային կենտրոն հանուն ոչ-շահադիտական իրավունքի»-ի (The International Center for Not-for-Profit Law) նախագահ Դոգլաս Ռութզենը «Նյու Յորք Թայմզ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային նշում է. «Արտակարգ իրավիճակներում իշխանության ձեւավորումը չափազանց հեշտ է։ Դժվար է լինելու հետագային դրանց կազմաքանդումը»:
Կից նյութը կարող եք կարդալ այստեղ։