ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածում ասվում է․ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է»:

Սակայն երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է նշանակում «մարդ» հասկացությունը, թե ի՞նչ է նշանակում լինել մարդ: Գոյություն ունեն կենսաբանության, ֆիզիոլոգիայի տեսանկյունից սահմանումներ: Ժամանակակից մարդը համարվում է բանական էակ (Homo sapiens), սակայն իրո՞ք դա այդպես է: Մենք՝ Երկիր մոլորակի մոտ 8 մլրդ բնակիչներս, առհասարակ գիտակցո՞ւմ ենք՝ ի՞նչ է բանականությունը և վարո՞ւմ ենք արդյոք բանական կյանք:
Մարդու բնույթն ու էությունը որոշ փիլիսոփաների ու մտավորականների շրջանում հանդիսանում են մինչ օրս բանավեճերի առարկա, իսկ մարդկության բացարձակ մեծամասնությունն իր առջև առհասարակ նման հարցեր չի էլ դնում, մինչդեռ ողջ Տիեզերքում իր արարման, ստեղծման պահից ի վեր գործում են հստակ բնության օրենքներ և օրինաչափություններ, որոնք երբեք չեն խախտվում, միշտ պահպանվում են: Եվ մենք, լինելով այս տիեզերքի մի մասնիկը, ևս ենթարկվում ենք այդ օրենքներին, այդ օրինաչափությունները և օրենքներն են ձևավորում մեր բնույթը և էությունը, ուստի ցանկացած ֆունդամենտալ հարցում գոյություն ունի ՄԵԿ ճիշտ պատասխան, մեկ ճիշտ բացատրություն, որը համընկնում է վերը նշված համատիեզերական բնության օրենքների հետ: Ցանկացած այլ «ճիշտ» խաբկանք է, մոլորություն, խավարամտություն, որը, անկասկած, որոշ ժամանակ հետո մերժվելու է: Ավելին՝ սխալը միշտ որպես հետևանք բերում է արդյունքում տիեզերական արդար պատժի: Չես կարող կանգնել ընկնող քարի տակ, ասել, որ չես հավատում գրավիտացիային ու ակնկալել, որ քարը չի հարվածի գլխիդ: Մարդկության պատմության մեջ այդպիսի օրինակները բազում են։ Թերևս ամենատիպիկ օրինակը Երկրի տափակ լինելու ՍԽԱԼ գաղափարն էր:

Այսպիսով՝ մարդու բնույթի ու էության հետ կապված հարցերը ևս ունեն հստակ ՄԵԿ ճիշտ մեկնաբանություն, ՄԵԿ ճիշտ պատասխան, որը համահունչ է և չի հակասում համատիեզերական բնության օրենքներին: Մենք, լինելով այս տիեզերքի անքակտելի մասնիկը, ունակ ենք զգալու, հասկանալու և գտնելու այդ ՄԵԿ ճիշտ պատասխանը:
Գիտության մեջ արված ցանկացած նոր բացահայտում համարվում է հավաստի, եթե այդ նույն արդյունքը հաստատվում է մի քանի տարբեր, իրարից անկախ փորձերով ևս: Պարզվում է՝ դարեր շարունակ, տարբեր ժամանակաշրջաններում մոլորակի տարբեր վայրերում ապրող մտավորականների արած եզրահանգումները մարդու էության վերաբերյալ գրեթե նույնական են: Դարերով մարդուն սահմանել են որոշակի արժեքներով կամ, ավելի ստույգ, առաքինություններով: Մարդ ասելով հասկացել են որոշակի առաքինությունների կրիչ:

Դեռևս մ.թ.ա. 6-5-րդ դարերում հին հույն մեծագույն ողբերգակներից մեկը՝ արևմտյան դրամատուրգիայի հիմնադիր Էսքիլեսը, ձևակերպեց հնագույն էթիկայի հիմնական չորս առաքինությունները՝ քաջություն, չափավորություն, արդարություն, ողջախոհություն, որոնք ավելի ուշ ներառվեցին Պլատոնի (մ.թ.ա. 5-4-րդ դարեր) և Արիստոտելի (մ.թ.ա. 4-րդ դար) աշխատություններում, ինչպես նայև ստոիցիզմի ուսմունքում: Այնուհետև քրիստոնեական ժամանակաշրջանում Օգոստինոս Երանելին (4-5-րդ դարեր) դրանց ավելացրեց ևս երեք աստվածաբանական առաքինություն՝ հույս, հավատ, սեր: Հռոմեացի բանաստեղծ Պրուդենտիոսը 4-րդ դարում մարդկային հոգում առաքինությունների և մեղքերի պայքարը գեղարվեստորեն նկարագրել է իր «Հոգեբուժություն» աշխատությունում:

Նույն կերպ էին ընկալում մարդկային էությունը նաև արևելյան մտավորականները: Բովանդակային առումով նույնպիսի ձևակերպումներ կարող եք գտնել նաև Նարեկացու աշխատություններում: Նման կերպ է սահմանվում մարդ էակը նաև իսլամում, բուդդայակությունում, քրիստոնեությունում և համաշխարհային հիմնական կրոնական այլ ուսմունքներում: Այսպիսով՝ մարդկային կյանքում ցանկացած բարիքի դրսևորում կարելի է դուրս բերել այս հիմնարար, մարդուն հավերժացնող յոթ առաքինություններից՝ ողջախոհություն, քաջություն, արդարություն, ժուժկալություն (չափավորություն), հույս, հավատ, սեր:

Ի հակադրություն այս յոթ առաքինությունների՝ գոյություն ունեն նաև յոթ մահացու մեղքեր: Սրանք մահացու են կոչվում, որովհետև, սպանելով մարդու հոգին, զրկում են մարդուն բարիք գործելուց: Այդ յոթ մեղքերն են՝ հպարտությունը, նախանձը, բարկությունը, ծուլությունը, ագահությունը, որկրամոլությունը և բղջախոհությունը (անպարկեշտությունը): Ցանկացած այլ մեղքի կամ ցանկացած չարիքի հիմքում ընկած են հենց այս յոթ մեղքերը,
ուստի ցանկացած մեկը, որպեսզի լինի մարդ, պետք է ձգտի հնարավորինս լինել այս առաքինությունների կրողը և զերծ մնա յոթ մահացու մեղքերից: Միայն այս պարագայում նա կարող է համարվել բարձրագույն արժեք, սակայն ոչ միանձնյա, այլ ողջ սոցիումի հետ միասին:

Այսպիսով՝ մարդ եղեք, հարգելիներս…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել