Մարտի 30-ին ՀՀ Ազգային ժողովը «Իմ քայլը» խմբակցության ընդամենը 57 պատգամավորների ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը։ Խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվեց, և նույնիսկ իշխանական պատգամավորնեից շատերը խուսափեցին քվեարկությանը մասնակցելուց՝ թերևս հասկանալով, որ դա խարան է դառնալու իրենց ամբողջ կենսագրության վրա։
Այս նախագծի հիմնական միտքը պարփակված է ստորև․
«Հոդված 9.1. Անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի սահմանափակումները
1. Համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձեւով եւ կարգով ու այդ որոշմամբ նշված պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց (այսուհետ՝ տվյալներ մշակողներ) տրամադրել․
1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում),
2) հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը»։
Փաստորեն, ստացվում է, որ համաճարակի դեմ պայքարելու անվան տակ իշխանությունն իրավունք է ստանալու վերահսկելու ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ քաղաքացու գտնվելու վայրը, նրա կատարած հեռախոսազանգերը, ժամանակը և նույնիսկ տևողությունը։ Ես գուցե դեռ կհասկանայի, եթե խոսքը վերաբերեր վարակակիրներին կամ հարկադիր կարանտինի մեջ գտնվող անձանց՝ պարզելու նրանց շփումները և դրա միջոցով արագ իդենտիֆիկացնելու հնարավոր ռիսկային գոտում գտնվող մարդկանց (թեև հեռախոսի զանգով վիրուսը չի տարածվում), բայց երբ իշխանությունը փորձում է տոտալ վերահսկողություն հաստատել բացարձակ ԲՈԼՈՐԻ վրա, ինձ մոտ կասկածներ են առաջանում, որ նպատակը լրիվ այլ է։
Աշխարհահռչակ գրող և հրապարակախոս Յուվալ Հարարին տառացիորեն մի քանի օր առաջ մարգարեական հոդված էր գրել, որում նա զգուշացնում էր, որ տարբեր ավտորիտար կառավարություններ փորձելու են օգտվել համաճարակից՝ խստացնելու իրենց վերահսկողությունը հասարակության վրա այն հիմնավորմամբ, որ մարդիկ ընդունակ չեն ինքնուրույն խելամիտ վարքագիծ դրսևորելու։ Իրական նպատակը, սակայն, նույն այդ մարդկանց քաղաքականապես կախյալ և վերահսկելի դարձնելն է․ եթե գիտեն ձեր բոլոր զանգերը, ձեր ամբողջ շփման շրջապատը, ձեր գտնվելու վայրը, էլ չեմ ասում ձեր խոսակցությունների բովանդակությունը, մեծ հավանակությամբ մի բան կկարողանան գտնել, որով ձեզ կգցեն իշխանությունից կախման մեջ և այսուհետև կստիպեն հլու-հնազանդ ենթարկվել նրա ցանկացած կամայականություններին։
Այսօր դեռ հնարավոր է դա կանխել։ Օրենքի նախագիծը դեռ պետք է գնա երկրորդ ընթերցման, և հնարավորություն կա փոփոխելու այս անհեթեթ նորմերը, և կամ էլ պատգամավորները կգիտակցեն, որ, քվեարկելով այս օրենքին, իրենք կդառնան այն ամենը, ինչի դեմ պայքարում էին դեռ երկու տարի առաջ, և ի վերջո հետ կկանգնեն։ Մեզնից յուրաքանչյուրը, եթե չի ցանկանում դառնալ տոտալ պետական վերահսկողության օբյեկտ, ևս կարող է այսօր բարձրացնել իր ձայնը և դրանով հստակ ուղերձ հղել Ազգային ժողովին՝ հետ կանգնելու այս հերթական անհեթեթ քայլից։
Հ․Գ․ Հարարիի հոդվածն այստեղ՝ Юваль Харари. Почему коронавирус — это возможность и почему нам стоит опасаться эпиднадзора