ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը (այսուհետ՝ Նախագիծ, Նախագծեր) նախատեսում են արտակարգ դրության ընթացքում անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության ազատության իրավունքի սահմանափակման առանձին ընթացակարգեր, որոնք կիրառելի են բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում։

Մասնավորապես՝ նախատեսվում է.

1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների (Beeline, Vivacell, Ucom) կողմից կառավարության կողմից նշված պետական մարմիններին և իրավաբանական անձանց հաճախորդի տեղորոշման, հաճախորդի հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի և ավարտի վերաբերյալ տվյալների տրամադրում:

ՍԱԿԱՅՆ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՉԷ, թե ինչ պատասխանատվություն են կրելու հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները պետական մարմիններին և պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց պահանջված տվյալները չտրամադրելու համար.

2. Ֆիզիկական անձանց, որոնց նկատմամբ կիրառված են ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, պարտավորեցնել օգտագործելու կառավարության կողմից սահմանված էլեկտրոնային հաղորդակցության և ծրագրային ապահովման միջոցներ (հեռախոսային հավելվածներ՝ mobile applications):

Հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ-ում սահմանված է արտակարգ դրություն, և հետևաբար, ՀՀ-ում գտնվող բոլոր ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառելի են ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, հետևաբար յուրաքանչյուրիս կարող են պարտավորեցնել ձայնագրել և օգտագործել նախատեսվող հեռախոսային հավելվածները։

Նախագծով սահմանվում է, որ ծրագրային ապահովման միջոցները չկիրառող ֆիզիկական անձինք ենթարկվելու են վարչական պատասխանատվության, այն է՝ 100.000-250.000 ՀՀ դրամի չափով։

Ըստ Նախագծի՝ վերոնշյալ ընթացակարգերը կիրառվում են բացառապես՝ անձանց տեղաշարժման և շփումների հնարավոր և առկա շրջանակը, համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու նպատակներով։

Նախագծով զուգահեռաբար նախատեսվում է, որ նշված տվյալները սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով մշակելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձեւով ամրագրելը, չապանձնավորելը և չոչնչացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, ՍԱԿԱՅՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ Չէ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ:

Իրապես, եթե հաշվի առնենք Հայաստանում և աշխարհում տիրող պանդեմիան, և եթե հիմք ընդունենք այն հանգամանքը, որ նշված սահմանափակումները անհրաժեշտ են համաճարակի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար, ապա նախատեսվող սահմանափակումները, եթե կիրառվեն ԲԱՑԱՌԱՊԵՍ Նախագծով նախատեսված եղանակով և նպատակներով, առաջին հայացքից չեն հակասում Սահմանադրության 33-րդ (հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը) և 34-րդ (անձնական տվյալների պաշտպանություն) հոդվածներին։

Սակայն առաջարկվող սահմանափակումների համաչափության տեսանկյունից առաջանում է հետևյալ հարցը՝ ո՞րն է այս ընթացակարգերը ՄԻԱԺԱՄԱՆԱԿ նախատեսելու իրավաչափ նպատակը, եթե դրանցից միայն մեկն, օրինակ, այն է՝ ցանցի օպերատորների միջոցով տվյալների փոխանցումը, ըստ էության, ներառում է ինչպես այն տվյալների շրջանակը, որոնք ձեռք են բերվում հեռախոսային հավելվածի միջոցով, այնպես էլ ամբողջությամբ լուծում է Նախագծով առաջադրված խնդիրները։

Բացի այդ, Նախագծերով արգելվում է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձման իրականացումը: Այստեղ կրկին ԲԱՑ է այս արգելքի խախտման դեպքում պատասխանատվության հարցը, ինպես նաև առաջանում են լրացուցիչ հարցադրումներ, թե, օրինակ, իրավաչափ է իրավիճակը, երբ անձի մահը վրա է հասել ոչ թե կոնկրետ կորոնավիրուսի, այլ սխալ բուժման կամ ուղեկցող այլ հիվանդության հետևանքով, և տվյալ անձի ազգականները հնարավորություն չեն ունենում բացահայտելու մահվան իրական պատճառը (այս հարցադրմանը, կարծում եմ, առավել մանրամասն պետք է անդրադառնան առողջապահության բնագավառի մասնագետները):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել