Նկարում պատկերված է Արևելյան Բեռլինից դեպի Արևմտյան Բեռլին ճակատագրական ցատկ կատարող 19-ամյա զինվոր Քոնրադ Շումանը: 1961թ. օգոստոս ամսվա օրերից մեկում նա իր հերթական ծառայությունն էր իրականացնում Արևելյան և Արևմտյան Բեռլինի սահմանի վրա: Այդ օրերին Արևելյան Գերմանիայի ղեկավարության կողմից սկսվել էր Բեռլինյան պատի կառուցումը, սակայն դեռևս այն չէր ավարտվել, և Շումանի ծառայության վայրում միայն փշալարեր էին առկա որոնք բաժանում էին քաղաքը: Ծառայության ժամանակ Շումանը, նկատելով, որ իր ծառայակիցները շեղվել են, որոշեց փախչել Արևմտյան Գերմանիա: Նա մոտեցավ փշալարերին՝ ցույց տալով, իբրև թե ստուգում է ամրությունը: Արևմտյան հատվածում գտնվող զինվորները հասկացան մտադրությունը և սկսեցին ոգևորել նրան: Մի քանի րոպե անց Արևմտյան հատվածում մոտեցավ ոստիկանական մեքենա, և Շումանը, վճռականություն դրսևորելով, ցատկեց փշալարի վրայով և անցավ դեպի Արևմտյան Գերմանիա:
Այս դրվագը պատմության մեջ մտավ «Քոնրադ Շումանի ցատկը» անվանմամբ: Քոնրադ Շումանի հայտնի ցատկը Սառը պատերազմի շրջանակներում ամենախորհրդանշական դրվագներից էր: Մինչ Բեռլինյան պատի կառուցումը հարյուր հազարներ էին Արևելյան Գերմանիայից անցնում Արևմտյան Գերմանիա՝ ավելի լավ կյանք ունենալու համար: Կոմունիստների կողմից պատի կառուցումից հետո անգամ դեպքեր էին լինում, երբ մարդիկ, չնայելով պատի աշտարակներից արձակվող կրակոցներին, փորձեր էին կատարում մագլցել պատը և հայտնվել Արևմտյան Գերմանիայում: