Հոկտեմբերի 12-ին, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը «48 մլն 900 հազար դրամ՝ հեղափոխական ռազմավարությունների պրոպագանդային․ Փաշինյանի ֆլեշմոբի հետքերով» վերնագրով հոդված և համանուն ռեպորտաժ է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է որոշում` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ, որն ուղղվել է Երևանի և մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը։
«Ֆակտոր»-ը տեղեկացնում է նաև, որ դիմել է քաղաքապետարան, որտեղից հայտնել են, որ պաստառներն իրենց են ներկայացվել «Իմիջ Մ.Գ.», «Մեդիա Գրուպ» և «Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունների կողմից: «Նուշիկյան Ասոցիացիա»-ից տեղեկացրել են, որ գովազդային պաստառներն իրենց պատվիրել է «Անտարես հոլդինգ»-ը։
«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Factor.am-ի ի հետ զրույցում հայտնել է․ «Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ՝ դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ։ Գաղափարն այն է, որ տարբեր ձեռագրերով գրված է նույն ուղերձը, այսինքն՝ ամեն հայաստանցի իր անունից է ասում»։
Կառավարության որոշման մասին
AntiFake.am-ը ուսումնասիրեց կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը և «44»-րդ կետում գտավ քննարկվող հարցը, որը ներառված է եղել «չզեկուցվող» հարցերի շարքում։
Նախագծի հավելվածից տեղեկանում ենք.
- Ծրագրի անվանումը՝ հանրային իրազեկում
- Ծրագրի նպատակը` Հանրային կապերի՝ պետական մարմինների թափանցիկության՝ տեղեկատվության մատչելիության ապահովում
- Վերջնական արդյունքի նկարագրությունը` Հանրության իրազեկվածության մակարդակի բարելավում՝ ՀՀ համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների լուսաբանում
- Միջոցառման անվանումը` Հանրությանը «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձների ներկայացում
- Միջոցառման նկարագրությունը` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրություն, գովազդային ծառայությունների ձեռք բերում
- Դասիչը՝ հանգիստ, մշակույթ եվ կրոն, Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ, գովազդային արշավի հետ կապված ծառայություններ
- Ծառայության գինը՝ 48,900,000 ՀՀ դրամ
Ամբողջական հոդվածն այստեղ