Նիկոլ Փաշինյանի հերթական ուղիղ եթերը` միջազգային որոշ վարկանիշներում Հայաստանի դրական արդյունքները ներդրումների ներգավման օրախնդրով ներկայացնելու փորձով, պոտենցիալ ներդրողներին անժամկետ կհեռացնեն Հայաստանից:

Որքան էլ երկրի ղեկավարը դեպի սեփական հանրություն և դեպի դուրս արված հայտարարությունների մտքում տարանջատում ունենա, ուզի, թե չէ, իր խոսքը լսվում է աշխարհի բոլոր կողմերից:

Եվ հետևաբար բոլորն, այդ թվում` պոտենցիալ ներդրողները, պարբերաբար լսում են, որ Հայաստանում մի ժամանակ ներդրողներին խանգարում էր նախկին իշխանության ներկայությունը խորհրդարանում, հետո` Սահմանադրական դատարանի այսօրվա կազմը, հետո պարզվեց, որ տնտեսության փլուզում էր անհրաժեշտ, ու հիմա այդ փլուզումը եղավ, իսկ հիմա էլ` միջազգային վարկանիշները պիտի մեծացնեն մեր երկրի ներդրումային գրավչությունը:

Լսում են ու հավանաբար ժպտում, քանի որ բոլորն են տեղյակ որոշ միջազգային զեկույցներ «արտադրողների» աշխատանքի սկզբունքներից: Բոլորն են լսել նաև որևէ տեղում գործարարությամբ զբաղվելու առավել իրական պատկեր արտացոլող Doing Business զեկույցի մասին, որն, ի դեպ, ի տարբերություն որոշ անհայտ զեկույցների, որոնց հղվում է վարչապետը, ճանաչելի է ու ընդունելի:

Ժպտում են հավանաբար, քանի որ Հայաստանով հետաքրքրվողները տեղում գրանցված նախադեպերից են տեղյակ, երբ, օրինակ, միջազգային ներդրումային ծրագիրը կասեցվում է, հետո գրեթե մեկուկես տարով պահվում անորոշության մեջ, հետո` վերսկսվում:

Իսկ իրականում արտաքին ներդրումները կհապաղեն կամ ցանկալի մակարդակի վրա չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ հստակ ու կանոնակարգված չէ ներքին ներդրումների մշակույթը, քանի դեռ գործող կազմակերպությունը կարող է լիցենզիայից զրկվել պատկան մարմնի շատ ընտրողական մոտեցման արդյունքում, քանի որ երկրում որոշ օրենսդրական նախագծեր են շրջանառվում, այդ թվում` բանկային գաղտնիքի վերացումը ենթադրող: Եվ ի վերջո, քանի որ վարչապետը ստանձնել է արդեն գրեթե բոլոր ինստիտուտների տեղեկատվական ծառայությունների պարտականությունները` ուղղակիորեն արժեզրկելով այդ ինստիտուտները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել