Operativ.am-ը գրում է.
Ռապիդ-թեսթերը չեն կարող կորոնավիրուսի առկայության վերջնական եզրակացություն տալ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը
Նախարարի խոսքերով՝ քանի որ հիվանդությունը նոր է, և թեսթերը նոր են սկսել սինթեզվել, ապա վերջնականապես պարզ չէ, թե ինչպիսին կլինի արդյունքը հասարակական առողջապահության տեսակետից։
Այնուամենայնիվ, նա նշեց, որ Հայաստանը ձեռք է բերել այդ թեսթերը և կփորձի պարզել, թե որքանով են դրանք կիրառելի։
«Անհրաժեշտ է որոշել, թե որ հաստատություններում մենք դրանք պետք է կիրառենք։ Դրանք կարող են լինել անցակետերը՝ առողջապահության առաջնային օղակները, պոլիկլինիկաները կամ ինֆեկցիոն ծառայությունները»,- ասել է Թորոսյանը։
Նա նաև հայտնել է, որ ռապիդ-թեսթերի առաջին խմբաքանակը սպասվում է մարտի 27-ին։
Ընդ որում, նախարարը նշել է, որ լաբորատոր թեսթերի կատարելագործման աշխատանքներ են տարվում, որոնք հինգ ժամ են տևում։
«Արդեն երեկ անցկացվել է 210 թեսթ։ Շուտով թեսթերը ավելի հասանելի կլինեն Վանաձորի և Գյումրիի համար»,- ընդգծեց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում կա կորոնավիրուսով վարակման 265 դեպք, առողջացել է 18 քաղաքացի։ Երկրում մինչև ապրիլի 16-ը արտակարգ դրության ռեժիմ է սահմանված։