Pastinfo.am-ը գրում է․

Ապրանքների գների ամենօրյա մոնիտորինգն իրականացվել է փետրվարի 26-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում: Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Վերջինս նկատեց դոլարի և ռուբլու կուրսի տատանումները ևս կարող են գների վրա ազդեցություն ունենալ. «Ռուբլու կուրսը 26-ից 7,3 դրամից իջել է մինչև 6,1 դրամ: Իսկ դոլարի կուրսը 478-ից բարձրացել է մինչև 495 դրամ: Այս տենդենցը նայում ենք, որ կարողանանք վերահսկողություն իրականացնենք Հայաստան ներմուծվող նոր ապրանքների նկատմամբ, որոնք ձեռք են բերվում արտարժույթով»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

Այնուհետև ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ քաղաքացիների բարձաձայնած խնդիրներին: Գեղամ Գևորգյանը նշեց գյուղատնտեսական մթերքները, որոնք գյուղացիական տնտեսության արտադրանք են հանդիսանում, հանձնաժողովի տիրույթում չեն, բայց այնուամենայնիվ ՏՄՊՊՀ-ն գյուղմթերքի մոնիտորինգ նույնպես կատարել է. «Ունենք տեղական խնձոր, կիվի, վարունգ, նարինջ, կարտոֆիլ, բիբար, մանդարին, լոլիկ և բանան: Այստեղ որոշակի ապրանքների մասով կա թանկացման տենդենց, բայց սա կապված է սեզոնի հետ: Այսինքն` մարտ ամիսը համարվում է գյուղատնտեսական ջերմոցային ապրանքի ամենաթանկ սեզոնը: Սովորական լոլիկի գինը երեք օր է «Երևան սիթի»-ում և «Նոր Զովք»-ում նույնն են մնացել: Նաև տեղեկատվություն ունենք, որ «Սպայկա»-ն մեծաքանակ տեղական արտադրության լոլիկ և վարունգ է արդեն ցանցերին տրամադրում: Ընդ որում շուկաներում այս ապրանքների գինն էականորեն ցածր է»,-նշեց Գեղամ Գևորգյանը հավելելով, որ տեղական խնձորն էժանացել է, իսկ ներմուծված ցիտրուսների գները մի փոքր բարձրացել են, բայց վերջին երկու օրերի ընթացքում կիվիի և մանդարինի գները նվազել են:

ՏՄՊՊՀ նախագահը նկատեց հնարավոր չէ, որ հանձնաժողովը գնա բոլոր ապրանքների հետևից. «Իմբիրի մասին են խոսում, բայց դա մեր սեգմենտը չէ, և այսօր դրանք առաջին անհրաժեշտության ապրանքները չեն»,-նշեց հանձնաժողովի նախագահը:

Ինչ վերաբերում է նպարեղենին, Գեղամ Գևորգյանն ասաց. ««Ոսկե ջրաղաց»-ի բրինձը տատանում չի ունեցել, թաիլանդական բրնձի դեպքում մարտի 8-ին 50 դրամով գնանկում է տեղի ունեցել, այնուհետև թանկացել է 60 դրամով, բայց էլի խնդիր չկա: Ոսպը, հնդկաձավարը նույն գինն է մնացել: Մարտի 4-ից ձեթի գինը 60 դրամով նվազել է, այնուհետև մարտի 16-ին գինը վերականգնվել է: Պետք է հասկանանք դեռ սա դոլարի տատանման հետ է կապված, ձեռքբերման գնի, թե տնտեսվարող սուբյեկտներն իրենք են գինը բարձրացրել»,-ասաց Գեղամ Գևորգյանը ընդգծելով, որ գնի էական փոփոխություն չկա:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով աճել են հավի ձվի գները: Ձվի մի տեսակը 25 դրամից դարձել է 33, այնուհետև 40 դրամ: Գեղամ Գևորգյանը նկատեց` մինչև համաճարկը հանձնաժողովն արդեն վարույթ էր սկսել ձվի գնի էժան լինելու և ինքնարժեքից էժան վաճառվելու դեպքով:

«Նոր Զելանդական կարագը 3530 դրամից չի թանկացել, «Լոռի» պանիրը 2390 դրամից չի թանկացել: Թթվասերների հետ կապված գնի էական փոփոխություն չկա: Մի երկու դեպք ունենք, երբ գինը բարձրանում-իջնում է, կոնկրետ այդ տնտեսվարողներին կնայենք, բայց թթվասերի ու կաթնաշոռի պարագայում գինը կայուն է մնացել»,-հավելեց ՏՄՊՊՀ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել