Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, որ օրենքում փոփոխություններ կատարելու հիմնական նպատակը հաշվետվության ներկայացման ծավալի ընդլայնումն է։
«Արդեն հկ-ները պետք է հրապարակեն տվյալներ ոչ միայն պետական միջոցներ ստանալու պարագայում, այլև մասնավոր միջոցներ ստանալու դեպքում»,-ասաց Անանյանը՝ նշելով, որ նախագիծը լրամշակվել է խորհրդարանականների հետ քննարկումների արդյունքում։ Ըստ այդմ՝ նախատեսվել է, որ մասնավորապես հկ-ների գտնվելու վայրի կամ հասցեի վերաբերյալ տվյալների հրապարակումը կիրականացվի կամավորության հիմքով։
Նա նշեց, որ կամավորների թվի վերաբերյալ հրապարակման պահանջ կար՝ հաշվետու ժամանակաշրջանի՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ, սակայն հիմա այն փոփոխվել է և առաջարկվում է կամավորների թվի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հաշվետու տարվա ընթացքում, եթե տվյալ կամավորների հետ աշխատանքի տևողությունը շաբաթական 20 ժամը գերազանցել է և կնքվել է գրավոր պայմանագիր։



