Factor.am-ը գրում է․
Ինչպես հայտնի է, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ավարտը Հայաստանի ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ։ Արգելքը վերաբերում է առևտրի կենտրոններին, բացառությամբ՝ սնունդ, խմիչքներ, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրով զբաղվողներին, ինչպես նաև արգելված է բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեությունը, կինոֆիլմերի ցուցադրությունը, խաղատների աշխատանքը, բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպմամբ գործունեություն իրականացնող գրասենյակները:
Factor.am-ը Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում է, որ խոսք է գնում շուրջ 127 հարկ վճարողների մասին։ Ներկայացնում ենք այդ կազմակերպություններից առավել հայտնիները, իսկ ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ՝ ԱՅՍՏԵՂ։
Եվ այսպես, մինչև ապրիլի 14-ը գործունեությունն արգելված ընկերություններից են՝ Իջևան քաղաքում գործող «Իջևանի շուկա» ՍՊԸ-ն, Երևանի Խորենացի փողոցում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն ՍՊԸ»-ի կամ որ նույնն է՝ «Ոսկու աշխարհ» առևտրաարտադրական համալիրը, Երևանի Վարդանանց փողոցում գործող «Գնունի» ՍՊԸ-ն կամ այսպես ասած՝ «Գնունի շուկան», Երևանի Սաֆարյան փողոցում գործող «Նորքի շուկա» ՍՊԸ-ն, «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորումը, «Երևանի թիվ 2 շուկա» ՍՊԸ-ն կամ առավելապես հայտնի որպես՝ «Գումի» շուկա, «Հայաստան առևտրի կենտրոնը», «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, «Էջմիածնի առևտրի կենտրոնը», ինչպես նաև՝ «Էջմիածնի շուկա» ՍՊԸ-ն, «Վանաձորի շուկա» ՍՊԸ-ն, որը հանրապետության երրորդ քաղաքի հանրահայտ շուկաներից է՝ գտնվում է կենտրոնական հատվածում և մշտապես մարդաշատ է լինում։
Վանաձորում արգելվել է նաև Վանաձորի բաղնիքային տնտեսություն ՓԲԸ-ի գործունեությունը, որի սեփականատերը Վանաձորի ավագանու ՀՅԴ խմբակցության անդամ Սեյրան Աղաբեկյանն է։
Տիգրան Ավինյանի որոշմամբ արգելված է նաև սննդի վերամշակմամբ զբաղվող «Երևանի պահածոների գործարանի», «Տաշիր գոլդ» ՍՊԸ-ի, «Արտաշատ պլազա» ՍՊԸ-ի, «Կապանի հանրախանութ» ՍՊԸ-ի, «Տաշիր ինվեստ գրուպի» կամ Խորենացի փողոցում գտնվող հայտնի «Տաշիր» առևտրի կենտրոնի, «Դալմա» ինվեստ ՍՊԸ-ի կամ «Դալմա մոլի», «ՌԻՈ» ՓԲԸ-ի կամ «Ռիո մոլի», «Տուն դեպո» ՍՊԸ-ի կամ նույնանուն առևտրի կենտրոնի, «Վերնիսաժի տոնավաճառի», ինչպես նաև թվով 9 հասցեներում գործունեություն իրականացնող «Սիթի ՍՊԸ»-ի աշխատանքը, որն, ըստ ամենայնի, պատկանում է Սամվել Ալեքսանյանին կամ նրա ընտանիքին։