Ազգային ժողովը շարունակում է ուրբաթ երեկոյան մեկնարկած արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը։ 

Փաթեթն ուրբաթ ընդունվել է առաջին ընթերցմամբ, սակայն օրն ավարտվեց եւ հնարավոր չեղավ այն քննարկել երկրորդ ընթերցմամբ:

Ըստ էության, այս փոփոխություններով խստացումներ են մտցվում արտակարգ դրության ռեժիմը խախտողների համար:

Մասնավորապես, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը, ներկայացնելով փաթեթը, նշել է, որ արտակարգ դրության պայմաններում որոշ սահմանափակումների դեպքում ՀՀ օրենքներով նախատեսված չեն կոնկրետ իրավական հետեւանքներ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվում է նոր մաս հետեւյալ բովանդակությամբ. «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով», ինչպես նաեւ ավելացվում է նոր մաս՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտել, որն առաջացնում է տուգանքի վճարում նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով»:

Քրեական օրենսգիրքը լրացվում է 277.1 հոդվածով. «Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել