Operativ.am-ը գրում է.
Առայժմ կառավարությունը ռեսուրսներ ունի կորոնավիրուսով վարակվածներին հիվանդանոցներում պահելու, սակայն եթե նրանց թիվը մեծանա եւ հիվանդանոցային մեկուսացումն այլեւս նպատակահարմար չլինի, նրանց կվերաբաշխեն։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին՝ որքանով են հիմնավոր հնչող քննադատությունները, թե չի կարելի հիվանդանոցները ծանրաբեռնել սիմպտոմներ չունեցող վարակվածներով, հիվանդանոցներում պետք է խնամել ծանր հիվանդների։
«Եթե մի պահ տեսնենք, որ բոլոր վարակվածներին հիվանդանոցներում պահելը նպատակահարմար չէ, առաջին փուլով, կարծում եմ, նրանց կտեղավորենք հյուրանոցներում, իսկ հիվանդանոցներում կպահենք միայն ծանր դեպքերը։ Եթե հիվանդների թիվն էլ ավելի մեծանա եւ հյուրանոցային պայմաններում էլ նրանց պահելը էֆեկտիվ չլինի, կանցնենք տներում մեկուսացման»,- ասաց Ավինյանը։
Այնումանայնիվ, Հայաստանը, ըստ պարետի, ունի բավարար ռեսուրսներ հիվանդներին մեկուսացնելու համար, նաեւ բավարար չափով բժշկական սարքավորումներ ու թեստեր։ Կառավարությունը, սակայն, այժմ բանակցություններ է վարում մեծ քանակությամբ նոր սարքավորումներ եւ ռապիդ թեստեր գնելու ուղղությամբ, վերջինները, մասնավորապես, կներդնեն սահմանային անցակետերում, որպեսզի սահմանը հատող բոլոր քաղաքացիները հանձնեն թեստեր։