Մարզիկների նվաճումները, անհնարինը հնարավոր դարձնելու ձգտումը եղել և մնում է համաշխարհային ֆիլմարտադրության ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ն իր ընթերցողին է ներկայացնում մարզական թեմատիկայով վերջին տարիների լավագույն ֆիլմերն ու առաջարկում դիտել դրանք:
Ամերիկյան կինովարձույթում 2019 թվականին հայտնվեց « Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի» ֆիլմը, որտեղ իրենց տպավորիչ խաղով առանձնացան օսկարակիր դերասաններ Մեթ Դեյմոնը և Քրիստիան Բեյլը: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 1963 թվականին. երկու ավտոարտադրողներ` «Ֆորդը» և «Ֆերարին», ձգտում են հաղթել Լե Մանի 24ժամյա մրցավազքում: Արագ, դինամիկ և ցնցող ավարտով ֆիլմ է:
Էմիր Կուստուրիցայի «Մարադոնա»-ն արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ է (Maradona by Kusturica): Ֆիլմը նկարվել է 2008 թվականին: Կուստուրիցան ֆիլմի ստեղծման համար երկար ժամանակ է անցկացրել Մարադոնայի հետ՝ փորձելով հասկանալ նրա աշխարհընկալումը, տեսնել աշխարհը նրա աչքերով, անդրադարձ կատարել Արգենտինայում Մարադոնայի պաշտամունքին:
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի ռեժիսորական աշխատանքի արդյունք է «Անկոտրումը» (Unbroken): Սա ֆիլմ է մարդկային անհողդողդ կամքի մասին, որտեղ գլխավոր հերոսը` Լուի Զամպերինին լինելով իր ժամանակների ամենահեռանկարային վազորդներից մեկը, գերի է ընկնում ճապոնացիներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայելով ամերիկյան բանակում: Սա պատմություն է այն մասին, որ կամքը վեր է ցանկացած դժվարությունից. «Ցավի մեկ րոպեն ամբողջ կյանքի փառք արժե»:
Անգլիական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից Դեյվիդ Բեքհեմի մասին պատմող «Ճանպարհորդություն դեպի անհայտը» (David Beckham: Into the Unknown) ֆիլմը Բեքհեմի և նրա ընկերների մոտոցիկլետով բրազիլական Ամազոնիա կատարած արշավի, ստեղծված բարդ իրավիճակների և արկածների մասին է: Ֆիլմը նկարահանվել է 2014 թվականին:
Ռուսական կինոարտադրության «Լեգենդ № 17»-ը գեղարվեստական մոտիվներով ֆիլմ է, որը պատմում է բոլոր ժամանակների լավագույն հոկեյիստի` Վալերի Խարլամովի մասին: Կենսագրական այս ֆիլմը նկարահանվել է 2013 թվականին, որտեղ Խարլամովի դերում խաղում է Դանիիլ Կոզլովսկին: