Vemard.com-գրում է.
Պաշտոնեական լիազորություններն անցնելու և կաշառք պահանջելու մեղադրանքով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Բակուր Ավետիկյանը:
Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ծառայողական պարտականությունները կատարելիս Ավետիկյանը տեսել է, որ քաղաքացի Հ.Մ.-ն թիթեղով ծածկված ցանկապատի հատվածը վերակառուցում է քարե պատով և, պարզելով, որ վերջինս շինարարական աշխատանքները կատարում է առանց համապատասխան թույլտվության, նշված վարչական իրավախախտման փաստն իր լիազորությունների շրջանակում չարձանագրելու և համապատասխան մարմիններին ըստ ենթակայության չուղարկելու համար, նա միջնորդ Կ.Հ.-ի միջոցով պահանջել և ստացել է կաշառք` գարեջրատանը կազմակերպված հյուրասիրության տեսքով:
«Ոստիկանության աշխատակիցը, չբավարարվելով հյուրասիրությամբ, իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի նույն անգործության համար, դարձյալ նույն Կ. Հ.-ի միջոցով պահանջել է որպես կաշառք իրեն տալ նաև մինչև 100.000 դրամի սահմաններում գումար:
Կաշառքի նոր պահանջ ներկայացնելու հանգամանքն առաջացրել է քաղաքացի Կ. Հ.-ի զայրույթը, և նա այդ հարցը պարզաբանելու նպատակով գնացել է Բակուր Ավետիկյանի աշխատավայր:
Հարցի պարզաբանման կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում Բակուր Ավետիկյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կարեն Հարությունյանի նկատմամբ` ձեռնաշղթաներով կապել է վերջինիս ձեռքերը և ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով թեթև վնաս»,- նշված է հաղորդագրության մեջ: