168.am-ը գրում է․

Մարտի 1-ի գործով ամբաստանյալներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը, որը պետք է կայանար այսօր՝ տեղի չի ունենա: Պատճառը գործով դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ լինելն է:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը տեղեկացվել է դատավորի վատառողջ լինելու և դատական նիստի հետաձգման մասին: Այս մասին 168.am-ին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը:

Ինչպես ավելի վաղ  տեղեկացրել էինք, այսօրվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պետք է ներկայացներ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն:

Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Հիշեցնենք, որ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած գույքն օրինականացնելու համար:

Քրեական գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել