Հայաստանում կորոնավիրուսով վարակման էպիկենտրոնը դարձած Էջմիածնի պոլիկլինիկայում մոտ 15 օր է չի աշխատում թոքերի նկարման ռենտգեն սարքը: Մինչդեռ սարքն այս պահին ավելի քան անհրաժեշտ է՝ թոքերում կասկածելի օջախները հայտնաբերելու և դրա հիման վրա մասնագիտացված հիվանդանոց ուղեգրելու համար. գրում է Hetq.am-ը:

Թվում էր, թե Էջմիածնում բժշկական հաստատություններն այս օրերին պետք է ավելի կազմակերպված աշխատեին, սակայն պարզվում է, վիճակը սովորական օրերից ավելի վատ է:

«Քաղաքում ընդամենը 3 ռենտգեն ապարատ ունենք: Մերը չի աշխատում, սարքը վնասված է արդեն 15 օրից ավելի: Հիվանդանոցի ռենտգեն բժշկուհին և տեխնիկը մեկուսացված են, Ծաղկաձորում են: Երևի գիտեք, իրենք են առաջին հիվանդին ռենտգեն արել, դա էլ դուրս եկավ: Մնացել է «Մաստեր Ֆարմը»»,-ասում է «Էջմիածին» բժշկական կենտրոնի թերապևտ թոքաբան Ալվարդ Սամսոնյանը:

Այսօր շրջայց ենք կատարել «Էջմիածին» բժշկական կենտրոնում, կամ, որ նույնն է՝ պոլիկլինիկայում, եղել ենք նաև հիվանդանոցում: Պոլիկլինիկայում հերթապահում էր ընդամենը մեկ թերապևտ թոքաբան՝ Ալվարդ Սամսոնյանը և մանկական բժիշկը: Մյուս կաբինետների դռները փակ էին: Փակ էր նաև տնօրենի աշխատասենյակի դուռը:

«Մարդ չկա, գնացեք երկուշաբթի կգաք»,- հորդորեց առաջին հարկում տեղակայված պահակակետի աշխատակիցը, ով տարիքով մեծ տղամարդ էր:

Այսօր հերթապահող թերապևտ թոքաբան Ալվարդ Սամսոնյանը նշեց, որ առողջապահության նախարարի հրամանով արդեն երկու ամիս է` հերթապահություն է սահմանված մինչև ժամը 16:00-ն: Սա բժշկուհու երկրորդ հերթապահությունն է, որը նախորդի հետ համեմատ ավելի ծանրաբեռնված է:

Մինչ բժշկուհին քաղաքացիներին հերթով ընդունում էր, հիվանդներից մեկը, ով չցանկացավ անունը հրապարակել, պատմեց, որ 40 րոպե սպասում է իր հերթին: Մինչ այդ հասցրել է միջանցքում ջերմությունը չափել: Պարզել է, որ ունի 37.8 ջերմություն: Հազում է, ունի թուլություն և անհանգիստ էր, որ հնարավոր է` ինքն էլ վարակված լինի կորոնավիրուսով:

Երիտասարդ տղամարդը ցանկանում էր թոքերը նկարել, որպեսզի վստահ լինի, սակայն, Էջմիածնում չի գտնվել ոչ մի բժշկական հաստատություն, որ ռենտգեն կաներ: Ժամը մոտ 16:00-ն էր: Քաղաքացին պատմեց, որ սկզբում եղել է հիվանդանոցում, այնտեղից ուղարկել են պոլիկլինիկա, իսկ պոլիկլինիկայից ուղարկել էին հարևանությամբ գտնվող մասնավոր բժշկական հաստատություն՝ «Մաստեր Ֆարմ», սակայն, այնտեղ էլ ասել են, որ շաբաթ օրերին ռենտգեն աշխատում է մինչև ժամը 14:00-ն, կիրակի չեն աշխատում, իսկ երկուշաբթի օրը պետք է հերթագրվել նոր մոտենալ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել