Yerkirmedia.am-ը գրում է.

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպը քննարկման նոր թափ ստացավ, երբ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի դեմ մեղադրանք առաջադրվեց:

Առաջադրված մեղադրանքը վերաբերում է սպանության կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հանրապետությունից չհեռանալու ստորագրությունը: Գնդապետին առաջադրված մեղադրանքը տարբեր արձագանքների են արժանացրել կողմերի փաստաբանները:

Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը խիստ բացասական է գնահատում դա, եւ նրա կարծիքով՝ մեղադրանքն ակնհայտորեն անհիմն է:

"Նշվում է այնպիսի գործողությունների մասին, որոնք տեղի չեն ունեցել: Օրինակ, իմ պաշտպանյալն իբր սպառնացել է մյուս կողմի կյանքին: Սա իրականությանը չի համապատասխանում",- վստահ է փաստաբանը:

Նրա կարծիքով, մեղադրանք առաջադրելու նպատակը մեկն է:

"Հենց սկզբից զինդատախազի հայտարարություններից պարզ դարձավ, որ նպատակ կա օգնելու պայմանականորեն ասած՝ Սուրիկ Խաչատրյանի կողմին: Եւ մեղադրանք առաջադրելն այդ ցանկության դրսեւորումներից մեկն է: Եթե ինչ-որ մի կողմին ուզում են օգնել, կա երկու տարբերակ՝ կա՛մ էդ կողմի արարքի հետեւանքները թեթեւացնել, կա՛մ եթե դա հնարավոր չի, իսկ այս դեպքում այդպես է` կա մահացած Ավետիք Բուդաղյանն ու վիրավոր Արտակ Բուդաղյանը, փորձել հավասարակշռության բերել՝ ոչ թե էս կողմի արարքը թեթեւացնելով, այլ մյուսինը ծանրացնելով",- ասաց Հայկ Ալումյանը։ 
 Հայկ Ալումյանը նշեց նաեւ, թե Արտակ Բուդաղյանի հրացանով միջադեպի օրը կրակելն անհնար կլիներ: 
 "Հրացանը պատրաստ չի եղել տեխնիկապես կրակելու, եւ փամփուշտներ չեն եղել ոչ միայն հրացանաում, այլեւ Արտակ Բուդաղյանի մոտ։ Արտակը նպատակ չի ունեցել կրակելու: Եվ լինելով բարձրաստիճան զինվորական՝ ինքը խնդիր չէր ունենա ո՛չ էդ զենքը պատշաճ վիճակի հասցնելու, ո՛չ էլ խնդիր կլիներ փամփուշտներ հայթայթելու առումով":
Եւս մեկ հանգամանք. Արտակ Բուդաղյանը դիմում էր հղել այս գործը քննող Զինվորական դատախազությանը՝ գործով տուժող ճանաչվելու համար: Փաստաբանի պնդմամբ, քննիչն առանց որեւէ լուրջ պատճառաբանություն ներկայացնելու՝ որոշել է հետաձգել միջնորդության քննարկումը:
 "Միջնորդության քննության հետաձգումը միանգամից բողոքարկեցի գլխավոր դատախազին եւ բացատրեցի ինչու չեմ օգտվում զինդատախազին բողոքարկելու իրավունքից: Զինդատախազն իր հերթականա մեկնաբանությունների ժամանակ դրական կարծիք էր հայտնել քննիչի այդ որոշման մասին",- մեկնաբանեց Հայկ Ալումյանը։
Գլխավոր դատախազությունից, սակայն, բողոքի քննությունը վերահասցեավորել է զինվորական դատախազին: Հայկ Ալումյանը կարծում է, որ այս գործում կատարվում են ոչ իրավական գործողություններ: Հայկ Ալումյանը դրանցից կարեւորում է հատկապես այս մեկը. "Սուրեն Խաչատրյանի տանը տեղի ունեցած խուզարկության ժամանակ լուրջ խախտումներ են տեղի ունեցել, որն իրականացրել է տեղի ոստիկանությունը: Խախտումները շատ լուրջ են, ես գործում հիմնավորումներ ներկայացրել եմ, ինչը, մեր կարծիքով, հնարավորություն է տվել թաքցնել զենքի մի մասը": 
Սուրեն Խաչատրային որդի` Տիգրան Խաչատրյանի փաստաբան, Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը հրաժարվեց այս առիթով հարցազրույցից՝ ասելով, որ իր մարտավարությունն է մինչեւ նախաքննության ավարտը չխոսելը: Ամեն դեպքում, քիչ ավելի վաղ Aravot.am-ին տված հարցազրույցում նա ասել է, որ չի կիսում Հայկ Ալումյանի այն կարծիքը, թե գործի նախաքննությամբ կատարվում են ոչ իրավական գործողություններ:
 "Ես ավելի տեղեկացված եմ, որովհետեւ մեղադրյալի պաշտպանն ունի ավելի մեծ հնարավորություններ քրեական գործի նյութերին ավելի մեծ ծավալով ծանոթանալու, քան տուժող կողմը, որովհետեւ տուժողը քրեական գործի նյութերին ծանոթանում է նախաքննության ավարտման պահից: Ես գտնում եմ, որ Ալումյանն իր տրամադրության տակ չունի նյութեր, որոնք իրեն հնարավորություն են տվել նման հայտարարություն անել",- ­ասել է փաստաբան Ռուբեն Սահակյանը: 
"Եղած նյութերն արդեն իսկ բավարար են, որ գոնե էդ ծավալով ասեմ, որ լուրջ խախատումներ կան: Չգիտեմ դրանց թիվն ինչքան կմեծանա, երբ ես արդեն բոլոր նյութերն ունենամ: Ամեն դեպքում՝ հիմա հստակ կրող եմ ասել, որ շատ լուրջ խախտումներ են առկա",- ասաց Հայկ Ալումյանը։
Փաստաբան Ռուբեն Սահակյանն անդրադարձել էր նաեւ Հայկ Ալումյանի` Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու միջնորդությանը եւ ասել, որ մեծ հավանականություն կա, որ Արտակ Բուդաղյանն այս գործում կընդգրկվի ոչ թե որպես տուժող, այլ որպես մեղադրյալ:
"Հնարավորությունը շատ ռեալ է, բայց ո՛չ ես, ո՛չ իմ վստահորդը` Տիգրան Խաչատրյանը, (հասկանալի է, որ ինձ հետ պայմանագիրը կնքել է Սուրիկ Խաչատրյանը), եւ ոչ էլ նա, ցանկություն չունենք, որ Արտակ Բուդաղյանին անպայման մեղադրանք առաջադրվի: Չնայած գտնում ենք, որ առաջադրելու բավարար հիմքեր կան: Իսկ եթե բավարար հիքմեր կան մեղադրանք առաջադրելու, ապա ի՞նչ տուժող ճանաչելու մասին է խոսքը":
 
Aravot.am-ին տված հարցազրույցում Տիգրան Խաչատրյանի փաստաբանն ասել էր, որ ինքը հետեւում է նաեւ մամուլի հրապարակումներին, որոնց շուրջ հնչած մեկնաբանությունները բոլորովին իր սրտով չեն:
 "Որ կարդում եմ, զայրույթ եմ ապրում: Մեկնաբանություններ են անում, որոնք տրամաբանությունից զուրկ են: Խոսում են այնպիսի փաստերի մասին, որոնց համար տեղեկություններ չեն կարող ունենալ ու խոսում են, իրենց կարծիքն են հայտնում, սխալ վերլուծություններ կատարում, քրեական իրավունքից շատ հեռու մեկնաբանություններ են: Լարվածություն են մտցնում հասարակական կարծիքի մեջ",- ասել էր փաստաբանը:
"Կարծում եմ մամուլում տեղ գտած հրապարակումները հիմնականում օբյեկտիվ են",- ասաց Հայկ Ալումյանը։
Հունիսի 2-ին` կեսգիշերն անց, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս երկուսը հրազենային վնասվածքներով տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը` նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը: Մյուս վիրավորը` Նիկոլայ Աբրահամյանն է, որը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն ու թիկնապահն է: Կրակոցները հնչել են "Բերետա" տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:
 Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ` քրեակն օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի` սպանություն եւ 235 հոդվածի ապօրինի զենք, զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել են Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:
Հ.Գ.
Նախօրեին Գորիսում տեղի է ունեցել հերթական միջադեպը: Ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության, Գորիս քաղաքի Արցախյան խճուղում գտնվող "Դիանա" հյուրանոցային համալիրի դիմաց, 1992 թվականին ծնված Հայկի եւ 1989 թվականին ծնված Գոռի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում Գոռը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի Բժշկանան կենտրոն: Ըստ մամուլում եւ Գորիս քաղաքում շրջանռվող լուրերի, միջադեպին մասնակից է եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի որդին` Էյներ Խաչատրյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել