Hartak.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ բնակչության մեծամասնությունը գերադասում է հանգստանալ ոչ թե ընտանիքի անդամների հետ, բնության գրկում, ակումբներում կամ ռեստորաններում, այլ համացանցում: Մարդկանց մեծ մասը խոստովանում է, որ եթե վերանա համացանցը, ապա իրենց համար զբաղմունք չեն կարողանա գտնել: Ոմանք էլ խոստովանում են, որ համացանցի կախվածությունը նման է ալկոհոլից և թմրանյութից կախման մեջ գտնվելուն:
Սոցիոլոգների հարցումների համաձայն համացանցից ամենաշատ կախվածություն ունեն հիմնականում երիտասարդները: Համացանցի առջև ավելի շատ «նստում են» չձևավորված հոգեկան աշխարհ ունեցող պատանիները: Հաստատվել է նաև, որ Միացյալ նահանգներում բնակչության ավելի քան 38 տոկոսը տառապում է համացանցի հանդեպ ունեցած կախվածությունից:
Մասնագետները մի քանի փաստ են առանձնացրել, որոնց համաձայն կարելի է որոշել` արդյոք տվյալ մարդն ունի կախվածություն, թե ոչ: Նրանց կարծիքով նման կախվածության հետևանքով նվազում է աշխատունակությունը: Ռիսկային գոտում հայտնվել են այն մարդիկ, ում տրամադրությունը հաճախակի է փոխվում և առաջանում է համացանցի պահանջ ավելի և ավելի շատ, այսինքն ամեն օր մարդն իր ազատ ժամանակի մեծ մասը ծախսում է համացանցում:
Այժմ մասնագետները մեթոդներ են ձեռնարկում մարդկանց համացանցային կախվածությունից ձերբազատելու ուղղությամբ, որի հիմնական նպատակն է օգնել նրանց նվազեցնելու հետաքրքրությունը համակարգչի և համացանցի հանդեպ: