Նախընտրական քարոզարշավների ժամանակ քաղաքական թիմերը դիմում են տարբեր տեխնոլոգիաների ու հիմնականում իրենց հռետորաբանությունը կառուցում են տվյալ ուղղությամբ։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ օգտագործվում են նաև ամենատարբեր սուտ ու մտացածին լուրերը և փորձում հանրությանը մատուցել իրենց տեսանկյունից և իրենց նախընտրած փաթեթավորմամբ։ Դեռևս Սահմանադրական հանրաքվեի մեկնարկից առաջ տարբեր առիթներով շեշտել էի, որ գործող իշխանությունը բուն հանրաքվեի վերաբերյալ հստակ ու բովանդակային ասելիք չունենալու պատճառով փորձելու է թեման գերքաղաքականցնել և տեղափոխել իր համար կոմֆորտ տիրույթ։ Նիկոլը և իր թիմակիցներն ի վիճակի չեն Սահմանդրության հետ կապված հիմնավոր փաստարկներ ներկայացնելու և ժողովրդին համոզելու, հենց այդ իրավական հիմքերից ելնելով հանրաքվեին ասել «այո», դա ի սկզբանե հասկանալի էր, նրանց համար ավելի նախընտրելի էին պոպուլիզմն ու շարքային դեմագոգիան։
Անցած շաբաթ ականատես եղանք Նիկոլի տրագիֆարսին․ հիմնական ասելիքը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ականների, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «վերջին 20 տարին կեղեքած կերպարների» մասին է։ Հետևելով հանդիպումների շարքին՝ նախ՝ նկատելի, որ ինչքան էլ Նիկոլն ու թիմը փորձում են կրեատիվ երևալ և չկրկնվել, սակայն բուն ասելիքն արդեն հասկանալի է։
Փորձենք է՛լ ավելի խորքային անդրադառնալ Նիկոլի կողմից վերջին շաբաթվա ընթացքում առաջ քաշած մի դրույթի, որը գուցե ոմանց աչքից վրիպել է։ Մարտի 10-ի իր ելույթում Նիկոլը, հերթական անգամ խոսելով նախկին իշխանությունների մասին, ասել է․ «Նախկիններն ասում են՝ էս կառավարությունը մեր ազգային արժեքներին դեմ է, պրոարևմտյան է, պրոեվրոպական է։ Իրենք սա ասում են, հետո վազում են, Եվրոպայի միջանցքներում սկսում են աղիողորմ լացել, թե բա՝ մեզ ճնշում են Հայաստանում»: Մարտի 12-ի Վայքի ելույթում մոտավորապես նույն թեմայի հետ կապված նա հայտարարել է․ «Ձեր դիվանագիտությունն ի՞նչ է եղել, ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, այ անինքնասերներ։ Այսօր էլ եք վազում և Եվրոպաներում ու Մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք, լիզում եք»:
Նիկոլի այս անհասկանալի մեղադրանքներից պարզ է դառնում մի պարզ ճշմարտություն. սա յուրահատուկ ինքնախոստովանություն էր՝ վերջին բրյուսելյան այցի լիովին տապալված լինելու մասին։ Ինչքան էլ իշխանության քարոզչամեքենան ու սատելիտ «փորձագիտական» շրջանականերն անընդհատ խոսում էին Բրյուսելում տեղի ունեցած «աննախադեպ հագեցած օրակարգի» մասին, շեշտում, թե ինչքան բարյացակամ ու սիրալիր էին «դեմոկրատ» Նիկոլին ընդունել եվրոպացի այրերը, փաստն այն է, որ իրականում ոչ մի խորքային ու բովանդակային համաձայնություն ու քննարկում չի եղել։ Ըստ էության, պարզ է դառնում, որ Նիկոլի այցն ընդամենը իրավիճակից բխող որոշում էր և ուղղակի պետք էր իրականացնել կոնկրետ հենց այդ փուլում, իսկ թե ինչ տեղի կունենա Բրյուսելում և ինչպես կընդունեն, դա արդեն ՀՀ իշխանություններին չէր հետաքրքրում։ Այլ ձևակերպմամբ՝ սա ներքին սպառման այց էր, որպեսզի շարքային հայը հասկանա, թե ինչքան «ուժեղ տղա» է Նիկոլը։
Հ.Գ. Նիկոլի նման ամպագոռգոռ հայտարարությունները խոսում են նաև այն մասին, որ եվրոպական շրջանակներին այդքան էլ չեն հետաքրքրում Նիկոլի, այսպես ասած, հեքիաթները: «Թավշյա, ոչ բռնի հեղափոխության» մասին հերթական լեգենդի պատմությունն այլևս «չուտվող» թեմա է, և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները Նիկոլի առաջ հստակ հարց են դրել տեղի ունեցող հակասահմանադրական գործընթացի մասով, քանի որ ՀՀ օրվա իշխանությունները բացահայտ անտեսեցին Վենետիկի հանձնաժողովին, «թքած» ունեցան նրա վրա և նրա կարծիքը հաշվի չառան, հաշվի չառան նաև ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցողների տված եզրակացությունը։
Փաստացի, Նիկոլի նման զայրույթի պատճառն այն է, որ Բրյուսելում բավականին հանգամանալից տիրապետում են ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակին և տիրող ընդհանուր լարված մթնոլորտին։