Ոսրագողերը Քենիայի հյուսիս-արեւելքում սպանել են երկու խիստ հազվագյուտ սպիտակ ընձուղտների: Մարտի 10-ին այդ մասին հայտնել է քենիական The Star թերթը։
«Ամբողջ Քենիայի համար այս օրը վշտով է համակված, քանի որ խոսքը վերաբերում է բացառիկ կենդանիների»,- հայտարարել է Իշաքբինի Հիրոլա արգելավայրի, որի տարածքում բնակվում էին այդ կենդանիները, ղեկավար Մոհամեդ Ահմեդնոորը:

Իշխանություններն առայժմ չեն կարողացել գտնել որսագողերին: Հանցագործության հետաքննությանը միացել են Քենիայի Վայրի բնության ընկերության մասնագետները:
Ձյունաթույր ընձուղտներ նկատվել են նաեւ Տանզանիայում եւ Եթովպիայում, սակայն այնտեղ էլ դրանք սպանվել են որագողերի ձեռքով: Այսօրվա դրությամբ աշխարհում մնում է սոսկ մեկ սպիտակ ընձուղտ, որը բնակվում է Քենիայի Իշաքբինի Հիրոլա արգելավայրում:

Վերջին 30 տարում Աֆրիկայում ընձուղտների պոպուլյացիան, Աֆրիկայի վայրի բնության ֆոնդի տվյալներով, 40 տոկոսով կրճատվել է: Բնության պահպանության միջազգային միության հաշվարկներով՝ ընձուղտների թվաքանակը 1985 թվականի 155 հազարից 2015 թվականին նվազել է մինչեւ 97 հազար: Այդ կենդանիների միսը սննդի մեջ գործածվում է մայր ցամաքի մի շարք երկրներում, իսկ կաշին առաքվում է արտահանման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել