Alibaba չինական կորպորացիայի հիմնադիր Ջեկ Ման (Մա Յուն) դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով Reliance Industries հնդկական հոլդինգի սեփականատեր Մուքեշ Ամբանիից: Այդ մասին վկայում են Bloomberg գործակալության հրապարակած տվյալները։

Գործակալությունը չինացու կարողությունը գնահատում է 44,5 մլրդ դոլար, ինչը նրան 18-րդն է դարձնում մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Ամբանիի կարողությունը, որը, ըստ Bloomberg-ի տվյալների, շուրջ 5,8 մլրդ դոլար է կորցրել անցած 24 ժամվա ընթացքում, կազմում է 41,8 մլրդ դոլար (վարկանիշի 19-րդ տեղը): Գործակալության փորձագետները նշում են, որ Մային հաջողվել է կորուստները նվազագույնի հասցնել (գործակալության տվյալներով՝ գործարարի վնասն օրվա ընթացքում կազմել է շուրջ 1 մլրդ դոլար) շարժական հավելվածների եւ ընկերության ամպային պահոցների օգնությամբ տվյալների մշակման ծառայությունների աճող պահանջարկի շնորհիվ:

Alibaba ընկերությունը հիմնվել է 1999 թվականին եւ համարվում է աշխարհում խոշորագույն կազմակերպություններից մեկը, որն զբաղվում է էլեկտրոնային առեւտրով եւ թվային վճարումներով: Ջեկ Ման իր պաշտոնը թողել է կորպորացիայի հիմնադրման 20-րդ տարեդարձին՝ 2019 թվականի սեպտեմբերի 10-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել