Ֆարիդ Զաքարիան քիչ առաջ CNN America-ի եթերում հայտարարեց, որ իր կարծիքով այս համաճարակն այլևս պանդեմիա է: Եվ նա միակը չէ: Ռիչարդ Քուսեսթն իր հերթին հայտարարեց, որ համաշխարհային ծանր ճգնաժամն այլևս անխուսափելի է: ԱՄՆ-ն, ըստ ամերիկյան բազում մասնագետների և բժշկական ու հասարակական կազմակերպությունների, զարգացած Արևմուտքում ամենավատ և ամենաթույլ արձագանքն է տալիս կորոնավիրուսին, որովհետև, ըստ նրանց, նախագահի վարչակազմը մտահոգ է ոչ թե քաղաքացիների առողջությամբ, այլ այս նախընտրական տարում տնտեսական ցուցանիշների անկմամբ և խուճապ թույլ չտալու հարցով, մինչդեռ խուճապ ԱՄՆ-ում արդեն սկսվում է: Իրար հետևից փակվում են ամենահեղինակավոր և մեծ համալսարանները, ելնելով նահանգային սուվերենությունից` առանձին նահանգներ իրար հետևից որոշումներ են ընդունում փակելու նաև դպրոցները: Ամերիկայում դպրոցներ չփակելու իշխանության հայտարարած հիմնական մտահոգությունն այն է, որ տասնյակհազարավոր չքավոր երեխաներ իրենց օրվա միակ ուտելիքը ստանում են դպրոցում մատուցվող լանչի տեսքով: Իսկ ամերիկյան ֆոնդային բորսան այսօր փլուզման պրոցես սկսեց: Դաուն ընկավ իննսունականներից չտեսնված ցածր ցուցանիշների: Տնտեսության անկումը կտրուկ է և խիստ զգալի: Հիվանդությունն այստեղ տարածվում է մեծ արագությամբ և, ըստ տարբեր տվյալների, առկա է անգամ Կալիֆոռնիայի հայաշատ հատվածներում:
Բոլոր մասնագետները միաձայն և համակարծիք են, որ ԱՄՆ-ում վարակվածների ցածր թվերը պայամանավորված են միայն նրանով, որ թեստավորել են ընդամենը երեք հազար հոգու, իսկ Ասիայում և Իտալիայում` տասնյակ անգամներ ավելի շատ: Իսրայելն ընդհանրապես դրակոնյան միջոցներ է ձեռնարկում և հատկապես երկիր վերադարձող սեփական քաղաքացիների նկատմամբ: Եվ դա իմաստուն որոշում է:
Կարծես թե ամենաանհեթեթ, ամենախելագար, ամենահանցավորաբար անտեսվող իրավիճակը Հայաստանում է: Հասարակության կրթական ցենզն ընդհանուր առմամբ այնքան ցածր է, որ կարծում են, թե իրենց վրա սա չի ազդի, կամ որ սա դավադրություն է ինչ-ինչ երկրների կողմից՝ ընդդեմ ինչ-ինչ երկրների: Գրիպի հետ համեմատություններն ընդհանրապես ողբալի տգիտության արդյունք են, և զարմանալի չէ, որ այդպիսի տգիտությամբ փայլել են արդեն նաև հայաստանցի մի շարք անվանի բժիշկներ:
Հայաստանում երկրի իշխանական վերնախավը լծվել է իրենց հանրաքվեն քարոզելու սրբազան գործին և իրականում թքած ունի առողջապահական և տնտեսական հսկայական սպառնալիքի վրա, որն առկա է: Ողջ աշխարհի առաջադեմ լրատվամիջոցներն օբյեկտիվորեն սարսափելի մանրամասներ են հաղորդում իրավիճակից: Հայաստանում ցավազրկողային թմբիրի մեջ են ինքնընկղմվել: Եվ դատելով համաշխարհային փորձից ու օրինակներից` կարելի է եզրակացության գալ և, ըստ այդմ, արդեն վստահաբար թերևս պնդել, որ Հայաստանի ընդամենը մեկ հիվանդի հաստատված հանագամանքը պայմանավորված է շատ քիչ թեստավորված անձանց քանակով: Բազում հիվանդներ, հատկապես երեխաները կարող են դառնալ վարակակիր և տարածել վարակը, բայց չունենալ որևէ ախտանշան, մինչդեռ վաթսունհինգից բարձր անձինք և ոչ շատ առողջ երիտասարդները կարող են կորցնել իրենց կյանքը:
Դատապարտման են արժանի նրանք, որոնք պարսավում են կորոնավիրուսին անլուրջ վերաբերմունքի ցուցաբերման համար իշխանություններին քննադատողներին:
Հայաստանը պարտավոր է խիստ միջոցներ ձեռնարկել հնարավոր ներհայաստանյան համաճարակը կանխելու և թույլ չտալու համար: Անհրաժեշտ է փակել բոլոր ուսումնական հաստատությունները, աշխատավայրերի մեծ մասի գործառույթները տեղափոխել տներ և սկսել գրիպի ախտանշաններ ունեցող բոլոր անձանց մասսայական թեստավորումներ:
Ծայրահեղությո՞ւն է արդյոք դա: Իտալացիներն այսօր այլևս խոստովանեցին, որ եթե չինական մոդելով գործեին, այսօր կարիք չէր լինի ողջ երկիրը ստիպված պարալիզացնելու և ամբողջությամբ կարանտինային գոտի հայտարարելու:
Եթե այդքան վախկոտ եք, հանգստացուցիչներ խմեք, բայց պատրաստվեք, միջոցներ ձեռնարկեք և կտրուկ, արմատական քայլեր կատարեք: Նայեք աշխարհին: Դուրս եկեք ձեր մտահորիզոնի սահմաններից: Գոնե այս հարցում նմանակեք աշխարհի փորձը և դասեր քաղեք: Վաղը կարող է և ուշ լինել: