Երբ բոլորս կսթափվենք, երբ իրերը կկոչենք իրենց անուններով, երբ մեզանից ոչ մեկը չի բարդույթավորվի և ինքն իրեն, ապա նաև բարձրաձայն կխոստովանի, որ ունեցած ակնկալիքներն ու սպասումները (եթե եղել են այդպիսիք) ոչ մի կապ չունեն ներկա իշխանությունների հետ, այդ պահից և դեռ շատ երկար նրանք կմնան պատմության մեջ:
Կմնան: Կհիշվեն որպես մարդկանց խումբ, որ կարողացավ հետևողականորեն և յուրահատուկ ջանասիրությամբ իր ճանապարհին արժեզրկել հնարավոր ու անհնար ամեն ինչ, այդ թվում՝ հանրային կարծիքը, հանրային քննարկումը և (կամ) բանավեճը… Սեփական անգործությունը քողարկելու նպատակով կեղծ ու ուշադրություն շեղող օրակարգ ստեղծելու անհագ ձգտումով կարողացավ դեգրադացման աստիճանն ընկալումներում մինուս անվերջի հասցնել:
Ափսոսում եմ, որ մետրոյի աղջիկն էլ, բոլորս էլ (ինքս էլ՝ առնվազն այս մասին գրելով) տարբեր պարտադրված էժան ու անորակ առիթներով մաս ենք դառնում այդ քայքայիչ ծրագրի: Վստահ եմ, որ այս ամենի համար ամաչելու ենք: Վստահ եմ…
Տա Աստված, որ հասցնենք սթափվել ու գիտակցել, անգամ ամաչել, երբ կորուստները հատած չեն լինի անդառնալիության սահմանները…
Այս իշխանությունը միևնույն է կմնա պատմության մեջ, պատմությունը բացասականն էլ է պահում, ծայրահեղ բացասականն էլ… Մեր դեպքում, այս ամենի օր առաջ պատմություն դառնալը վաղուց անհրաժեշտություն է դարձել: